«Գազպրոմ»-ը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտելու մասին
copy image url

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:06 10-09-2021

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտելու մասին: Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ գազամուղը պետք է ուղիղ Ռուսաստանից վառելիք մատակարարի Գերմանիա Բալթիկ ծովի հատակով՝ շրջանցելով Ուկրաինան: Աշխարհի շատ երկրներ դա դիտարկում են որպես սպառնալիք Եվրոպայի տնտեսական անվտանգությանը և որպես լծակ՝ Կիևի վրա Մոսկվայի ճնշման համար: Ռուսաստանը մերժում է հարցի նման ձևակերպումը:

Կառուցման ավարտի մասին վաղ առավոտյան հայտարարել է ընկերության կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը օպերատիվ խորհրդակցության ժամանակ, հայտնում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը: Խողովակների անցկացման աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 6-ին: Գազի խողովակներով գազամատակարարումը կարող է սկսվել հոկտեմբերի 1-ին, իսկ երկու գծերը կարող են աշխատել դեկտեմբերի 1-ին, ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ներկայումս ռուսական գազի մեծ մասը Եվրոպա է մատակարարվում Ուկրաինայի տարածքի միջով: ԱՄՆ-ն, ԵՄ մի շարք երկրներ և Ուկրաինան համարում են, որ երկիրը շրջանցող ճյուղի կառուցումը թույլ կտա Մոսկվային ուժեղացնել ճնշումը Կիևի վրա և կմեծացնի ԵՄ երկրների կախվածությունը ռուսական մատակարարումներից: «Գազպրոմ»-ը, ի պատասխան, ԱՄՆ-ին մեղադրում է անբարեխիղճ մրցակցության մեջ: