Միկրոավտոբուսներում կարգելվի կանգնած ուղևորների փոխադրումը: Դե գոնե օգոստոսի 20-ին նման վերտառությամբ լուրեր հայտնվեցին: Նույնիսկ մի քանի տեսանյութ կար այն մասին, թե ինչպես է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերսկսել վերահսկողությունն ու Երևանում հատ-հատ ստուգում բոլոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Իհարկե, չգիտես՝ ինչպես է ստացվում, որ ամեն անգամ ստուգումները սահմանափակվում են Փոքր Կենտրոնով, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հրապարակի շրջակայքով:
Տեսչության պետն էլ իր խոսքում նշում է, որ ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացվելու, որպեսզի չխախտվեն հակահամաճարակային կանոնները:
Օգոստոսի 20-ից անցել է 10 օրից մի փոքր ավելի: Հիմա Ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որը շատ չէ, մի փոքր ընդամենը չի արդարացնում այն սպասելիքները, որոնք հնարավոր է՝ ունեին ՔՏՀԱՏՄ տեսուչները:
Ի դեպ, երբ առողջապահության նախարարությունը պահանջում է ամեն օր ՊՇՌ թեստ հանձնել, համաճարակից խուսափելու համար, սակայն պատշաճ վերահսկողություն չկա հանրային և ոչ մի տարածքում, օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ հակահամաճարակային քաղաքականությունը կառավարությանը քիչ է հուզում: Պետք է նշել նաև, որ առողջապահության նախարարն ավելի քան նորմալ է վերաբերում վերահսկողության տոտալ բացակայությանը: Որպես ասվածի ապացույց՝ ահա մի դրվագ նրա՝ նախկինում տրված սպոնտան հարցազրույցներից մեկից: