Օրերս Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից ստացված փաստական նյութերի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի համայնքապետարանի աշխատակիցների և համայնքապետ Արա Մկրտչյանին, որն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, իշխանություններին և հատկապես վարչապետին կոշտ բնորոշումներով քննադատող Աննա Մկրտչյանի հայրն է:
Ըստ Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության փաստական տվյալների՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ:
Համայնքի ղեկավարը և նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 միլիոն դրամից համաձայնեցված միասնական հափշտակություն կատարելու դիտավորությամբ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները և որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել` հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից: Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, հողամասերն իբրև թե աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 միլիոն դրամը։ Բացի այս,նույն մեխանիզմով Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ 2,5 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս և օգոստոս ամիսներին պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար` չորս միլիոն և ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 10 միլիոն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը, բացի քրեական այս գործից, մեղադրվում է նաև 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզչության ընթացքում ընտրական կեղծարարություն կատարելու մեջ: Մասնավորապես հայտնի է՝ համայնքապետը վարչական ռեսուրսի չարաշահումով սեփական աշխատակիցների հանդեպ ճնշում, սպառնալիք է գործադրել իր դստեր դաշինքի՝«Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու համար, որը վկայող սկանդալային ձայնագրությունը լայն քննարկման առիթ դարձավ նաև համացանցով: Նյութերի հիման վրա՝ կա հարուցված քրեական գործ, որը նախաքննական փուլում է: Հիշեցնենք նաև, որ մինչև այս քրեական գործերի ի հայտ գալն էլ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդ թեկնածու Աննա Մկրտչյանը եթերների ընթացքում արդեն աչքի էր ընկել իշխանությունների հանդեպ շատ կոպիտ, բուռն, ոչնչացնող քննադատությամբ և հախուռն, զայրույթով լի հայտարարություններով՝ առանց խորշելու, օրինակ, «դավաճան», «կապիտուլյանտ», «տգետ», «թրքասեր», «հողատու», «վախկոտ» և այլ բնորոշումներից:
Հասկանալու համար՝ արդյոք այս զուգահեռ լարված իրավիճակները քաղաքական ենթատեքստ ունեն, զրուցեցինք Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ: Նշենք, որ վերջինս բավականին մտահոգ, բայց զուսպ, զգուշավոր պատասխանեց մեր հարցերին: Մենք նախ հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի իր դստեր պատգամավորական գործելաոճի, կեցվածքի վերաբերյալ: Ա.Մկրտչյանը պատասխանեց, որ միայն հպարտանում, ուրախանում է, որ նման դաստիարակված, կրթված, գրագետ, հայրենասեր, սրտացավ ու պատվով աղջիկ ունի, որը համարձակվում է ճշմարտությունն ասել երկրի ղեկավարնների ճակատին, բացի դրանից՝ նա ասաց, որ աղջկա վարքագիծը կապ չունի իր քրեական գործերի հետ, որովհետև դրանք բոլորը շինծու, սարքած մեղադրանքներ են որոշ տականքների զրպարտությամբ, և իր աղջիկը անհանգստանալու բան չունի այդ առումով: Նա անհիմն, դատապարտելի որակեց իր երիտասարդ, հուզական աղջկա հանդեպ իշխանության տրամադրվածությունը, վարվելակերպը: Ընտրակեղծարարության հետ կապված հարուցված քրեական գործի մասով նա նշեց, որ գործը նախաքննական փուլում է, շատ բան չի կարող ասել, բայց պնդում է, որ հայտնի ձայնագրությունում իր պահանջն ուղղված է եղել ոչ թե իր աշխատակիցներին, այլ համայնքի բնակիչներին: Կոռուպցիոն բնույթի քրեական գործի վերաբերյալ Արա Մկրտչյանը հակված չէր կարծելու, որ գործը քաղաքական հայացքներով, գործունեությամբ պամանավորված հետապնդման կամ պատվերի հետ կապ ունի, այլ կապված է իր հանդեպ վատ տրամադրված մի քանի մարդկանց բողոքի, խարդավանքի ու զրպարտության հետ և հուսով է, որ շուտով քննությամբ կապացուցվի իր անմեղությունը: