Ո՞ր մեծ տերության ղեկավարն էր շահագրգռված պատերազմի շարունակությամբ և ինչո՞ւ
copy image url

Ո՞ր մեծ տերության ղեկավարն էր շահագրգռված պատերազմի շարունակությամբ և ինչո՞ւ

Միտք 3 տարի առաջ - 22:25 11-08-2021

Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն, ԱՄՆ, Ֆրանսիա: ՄԱԿ ԱԽ մշտական անդամ այս 5 պետություններից մեկի արտգործնախարարը կամ ղեկավարը հայ ժողովրդի դեմ հանցագործություն է գործել, քանի որ նպաստել է, որ զոհվեն, հաշմանդամ և փախստական դառնան հազարավոր մարդիկ: Նա, ըստ երևույթին, շահագրգռված է եղել պատերազմի շարունակությամբ և վետոյի կիրառմամբ կանխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջամտությունը 44-օրյա պատերազմին, ինչը կկանգնեցներ Բաքվի ագրեսիան: Այդ միջամտությունը պետք է լիներ կամ ուժի, կամ առնվազն տնտեսական սանկցիաների կիրառմամբ, որոնք նույնպես կանխարգելիչ մեծ ուժ ունեն:

Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հազար կյանք կփրկվեր, եթե 2020 թվականի սեպտեմբերի 29-ին լիներ այդ միջամտությունը՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի տեսքով, և պատերազմը կանգնեցվեր հենց այդ ժամանակ: Բայց ոչ, չի կանգնեցվել, քանի որ վետո կիրառած երկրի ղեկավարին, ըստ երևույթին, ձեռնտու է եղել պատերազմի շարունակությունը:

Մի դիտարկում ևս․ՄԱԿ ԱԽ անհապաղ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով հանդես է եկել ոչ թե Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, որի Գլխավոր շտաբի պետը պատերազմի երրորդ օրն իսկ հայտարարել է, որ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել, այլ … Էստոնիան: Ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնց 2 տասնյակ տարուց ավելի տևած բանակցային սկզբունքներից գլխավորն ու առաջինը եղել է ուժի չկիրառման սկզբունքը, այլ… Էստոնիան, որը ԵԱՀԿ ՄԽ անդամ չէ: Մի երկիր, որը մեր ոչ սովորական, ոչ էլ ռազմավարական դաշնակիցը չէ, ՀՀ կամ Արցախի հանդեպ չունի պարտավորվածություններ, երբևիցե «դարավոր բարեկամության» մասին չի խոսել: Չի խոսել, բայց դժվար պահին հասել է օգնության: Եվ ոչ միայն հայերին, այլև սովորական, շարքային ադրբեջանցիներին, որոնք նույնպես հազարավոր զոհեր են տվել:

Ինչպես ընկերն է ճանաչվում դժբախտության պահին, այնպես էլ բարեկամ ժողովուրդն ու երկիրը:

Բաքուն խախտել էր ուժի չկիրառման սկզբունքը, որը ոչ միայն ՄԱԿ կանոնադրության առաջնահերթություններից է (2-րդ հոդվածի 4-րդ կետ), այլ նաև ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի երկրորդ սկզբունքը: Այդ կապակցությամբ հետաքրքիր է իմանալ, թե վետո կիրառած երկրի ներկայացուցիչն ի՞նչ փաստարկներ է ներկայացրել: Թե՞, առանց ոչ մի բառ ասելու կիրառել է իր արգելանքը՝ մտքում արտաբերելով. «Թող այդ հիմարները շարունակեն իրար շանսատակ անել, իսկ մենք դրանից կօգտվենք»:

Կան մարդիկ, որոնք կարևոր չեն համարում պարզելը, թե որ պետությունն էր շահագրգռված այդ պատերազմի շարունակությամբ: Նրանց ավելի է գրավում այն ինֆորմացիոն աղմուկը, որով լցված է մեր առօրյան, մասնավորապես, թե ով ում ինչ ասաց և ինչպես շշպռեց: Բայց եթե մենք փաստերի, այլ ոչ թե բամբասանքների մակարդակով չհասկանանք, թե ով է մեր բարեկամը և ով՝ ոչ, կշարունակենք տանուլ տալ: Իսկ այդ հարցի ճշգրիտ պատասխանը, բարեբախտաբար, այսօր կարելի է ստանալ: Ուղղակի պետք է ճշտել, թե ով էր վետոյի հեղինակը, և կծիկը հնարավոր կլինի եթե ոչ բացել, ապա՝ սկսել քանդել: Եվ դա, մասնավորապես, պետք է անեն Սփյուռքի մեր գործիչները, ասենք, ԱՄՆ հայամետ սենատորների և կոնգրեսականների հարցումների օգնությամբ: Կամ հետաքննող լրագրողները՝ իրենց արտասահմանյան գործընկերների միջոցով:

Հիշեցնեմ, որ ՄԱԿ ԱԽ քվեարկությանը, բացի վերը նշված 5 պետություններից, մասնակցել են նաև ՄԱԿ ԱԽ ոչ մշտական 10 անդամներ, որոնց թվում էր Էստոնիան: Այնպես որ, այդ 15 երկրների ներկայացուցիչներից 14-ը ՄԱԿ ԱԽ այդ նիստի ընթացքի և տեղի ունեցած քվեարկության մասին տեղեկատվության թաքցնելու շահագրգռվածություն չունեն: Տեղեկատվություն կարող են տրամադրել նաև ՀՀ ԱԳՆ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հրաժարական տվեցին:

Ի դեպ, ինչքան հասկացա, ՄԱԿ-ը ինքը, որպես կազմակերպություն, ամենևին էլ չի թաքցնում վետո կիրառողների ինքնությունը: Նրա ինտերնետային կայքում կա այդ մասին հայտնող էջ՝ https://www.un.org/securitycouncil/ru/content/veto

որտեղ, ցավոք, վերջին գրառումն ավարտվում է 2020 թվականի օգոստոսի 31-ով: Շուտով, ըստ ամենայնի, ինֆորմացիան կթարմացվի, և մենք կիմանանք, թե որ պետությունն էր շահագրգռված, որ պատերազմը շարունակվի: Իսկ հետո կփորձենք հասկանալ, թե ինչու:

Մինչ այդ կարող ենք անել միայն դատողություններ և ենթադրություններ:

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին հռոմեացիները, որպեսզի բացահայտեն հանցագործին, հարց էին տալիս. «Ո՞վ շահեց դրա արդյունքում»:

Պետք է նայել, թե այդ 5 պետություններից որը, կամ դրանց ղեկավարներից որ մեկը շահեցին պատերազմի շարունակության արդյունքում:

Բացի պետական շահերից՝ հնարավոր է, որ գործեին նաև դրանց ղեկավարների անձնական շահագրգռվածությունները: Չէ՞ որ նրանք էլ մարդիկ են և զերծ չեն մարդկային թուլություններից:

Ինտերնետում առկա է Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահի զրույցի ձայնագրությունը, որտեղ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխանցում է Իլհամ Ալիևի առաջարկը. «Տուր նրան շրջանները: Ալիևը կվճարի: Նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»։ https://www.aravot.am/2020/12/07/1157442/ :

Հիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ում քննարկված առաջարկի, առաջին փուլում Ադրբեջանին պետք է հանձնվեին 5 շրջանները: Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքուն ստացավ 7 շրջան, նաև Շուշին ու համարյա ողջ Հադրութի շրջանը: Վերջին երկուսի մասին նա անգամ երազել չէր կարող:

Հետևաբար, եթե այդ ձայնագրությունն իսկական է, ֆեյք չէ, և եթե կաշառքն իրոք տրվել է, այն եղել է շատ ավելի մեծ, քան 5 մլրդ դոլարը:

Դա այնքան մեծ գումար է, որ չի բացառվում, որ գայթակղել է վերոնշյալ 5 պետությունների արտգործնախարարներից կամ, նույնիսկ, ղեկավարներից որևիցե մեկին:

Մեծ տերության արտգործնախարարին կամ ղեկավարին ենթադրաբար տրված բազմամիլիարդ դոլարանոց կաշառքի կասկածը պետք է հետաքրքրի ոչ միայն հայերին, այլև ողջ աշխարհին: Եվ միջազգային իրավապահ ու կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունների համար կարող է դառնալ հետաքննության առարկա:

Գրիգոր Էմին-Տերյան