Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատության ալիք է բարձրացրել՝ կատակելով, որ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի կողմից Շոտլանդիայում ածխահանքերի փակումը արագացրել է կլիմայի փոփոխության դեմ Բրիտանիայի պայքարը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Այցելելով Շոտլանդիայի հյուսիսարևելյան ափին գտնվող Մորեյ-Իսթ հողմաէլեկտրակայան՝ Ջոնսոնը պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված նավթի արդյունահանման կրճատման և գազի հետախուզման աշխատանքների հստակ ժամանակացույցի անհրաժեշտության հետ:
«Մենք հասկանում ենք նավթագազային արդյունաբերության կարևորությունը Շոտլանդիայի հյուսիս-արևելքում: Ստորագրված պայմանագրերը չի կարելի հենց այնպես խզել: Բայց մենք պետք է անցնենք (այլընտրանքային էներգետիկայի-խմբ.) հնարավորինս շուտ»,- ասել է Ջոնսոնը:
«Տեսեք, թե ինչ ենք մենք արդեն արել: Իմ կյանքի ժամանակ մենք հրաժարվեցինք ածուխից՝ շնորհիվ Մարգարեթ Թետչերի, ով այնքան շատ ածխահանքեր է փակել ամբողջ երկրում, մենք ունեինք լավ սկիզբ, և այժմ մենք բոլորս միասին արագ հրաժարվում ենք ածուխից»,- հավելել է վարչապետը: