Բելառուս մարզուհի, թեթեևատլետ Քրիստինա Տիմանովսկայան, որին հեռացրել են Օլիմպիադայից և, ինչպես ինքն է պնդում, իր կամքին հակառակ փորձել են դուրս հանել Տոկիոյից՝ իր կողմից մարզական պաշտոնյաներին քննադատելուց հետո, Տոկիոյից մեկնել է Վիեննա:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ նա ուղիղ թռիչք կկատարի Ճապոնիայի մայրաքաղաքից Վարշավա. Լեհաստանի իշխանությունները նախկինում նրան տրամադրել էին մարդասիրական վիզա, և վերջին օրերին նա գտնվում էր Տոկիոյում այդ երկրի դեսպանատանը:
Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջին պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, նա մեկնել է մեկ այլ չվերթով՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Բելառուսական սփյուռքի ներկայացուցիչը, որը կապ է պահպանում Տիմանովսկայայի հետ, գործակալությանը հայտնել է, որ լեհ դիվանագետներն են ստիպել փոխել երթուղին: