ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի պաշտոնապես մեղադրել է Չինաստանի իշխանություններին Microsoft-ի էլփոստի համակարգերը կոտրելու մեջ, որոնք օգտագործվում են աշխարհի շատ խոշոր ընկերությունների, կառավարությունների և ռազմական կապալառուների կողմից:
Այսպիսով, Վաշինգտոնը միացել է դաշնակիցների այն լայն խմբին, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամները, ովքեր նախկինում դատապարտել էին Պեկինին՝ ամբողջ աշխարհում կիբերհարձակումներ իրականանցելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը:
Առաջին անգամ ԱՄՆ վարչակազմը մեղադրում է Չինաստանին հանցավոր խմբավորումներին վճարելու և մեծածավալ հաքերային հարձակումներ կազմակերպելու մեջ՝ նպատակ ունենալով միլիոնավոր դոլարներ ձեռք բերել․ ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Microsoft-ը նախկինում մատնանշում էր Չինաստանի Պետական անվտանգության նախարարության հետ կապված հաքերներին՝ կապված մարտ ամսվա հարձակման հետ, որի արդյունքում կոտրել էին տասնյակ հազարավոր համակարգիչներ և ցանցեր ամբողջ աշխարհում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 19-ին արած հայտարարության մեջ շեշտել է, որ չինական գործակալությունը նպաստել է մի ամբողջ «հաքերային էկոհամակարգի» ստեղծմանը, որի անդամները իրականացնում են և՛ պետության կողմից հովանավորվող գործողություններ, և՛ հանցավոր գործողություններ՝ իրենց անձնական շահից ելնելով:
Միացյալ Նահանգները դեռ չի հայտարարել Չինաստանի դեմ կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ի պատասխան կիբերհարձակումների:
New York Times-ը նշում է, որ ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից Չինաստանի հասցեին նման լուրջ մեղադրանքները հազվադեպ իրադարձություն են, քանի որ այդ ասոցիացիաները կազմող պետությունները ծայրաստիճան դժկամությամբ են դիմում հանրային քննադատությանը իրենց հիմնական առևտրային գործընկերոջ հասցեին:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով և դատապարտելով Չինաստանի գործողությունները նրա դաշնակիցների կողմից՝ Նախագահ Բայդենի վարչակազմը ավելի քան երբևէ խորանում է ժամանակակից պատմության թվային Սառը պատերազմի մեջ իր երկու հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։
Թե՛ Մոսկվան, թե՛ Պեկինը կտրականապես հերքում են կիբերհարձակումներին որևէ առնչություն ունենալը: