Թուրքիան Ռուսաստանի պարտությունն է համարել Հայաստանում Փաշինյանի հաղթանակը
copy image url

Թուրքիան Ռուսաստանի պարտությունն է համարել Հայաստանում Փաշինյանի հաղթանակը

Արտաքին 3 տարի առաջ - 16:19 22-06-2021

Թուրքական Haber7 պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակին: Այս քաղաքական ուժը հավաքել է 53,92%: Փաշինյանի գլխավոր մրցակիցը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր. նրա «Հայաստան» դաշինքը կարողացել է ստանալ միայն 21,04%:

«Այս արդյունքը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ադրբեջանին և, հետևաբար, Թուրքիային»,- նշում է հոդվածագիրը: Նա կարծում է, որ այս ընտրություններում դիմակայությունը կարելի է գնահատել որպես դիմակայություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև, քանի որ Փաշինյանի հետևում կանգնած է Վաշինգտոնը, իսկ Քոչարյանի հետևում՝ Ռուսաստանը:

Հեղինակը նաև գրել է, որ Ռուսաստանը ստացել է այն, ինչ ցանկացել է Ղարաբաղյան պատերազմում. իր զինծառայողներին տեղակայել է Ղարաբաղում: Սակայն վերացնել Փաշինյանի գործոնը՝ ամբողջ Հայաստանի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար, նրան չի հաջողվել:

«Հայաստանում Փաշինյանի կառավարման շարունակությունը կարող է սահմանափակել Ռուսաստանի գործողությունների ազատությունը հատկապես ԱՄՆ գործոնի պատճառով»,- ասվում է հոդվածում: