Մենք գործ ունենք նոր ավանդույթի հետ, երբ բոլորը բոլորին հայհոյում են, ատում են, չեն հանդուրժում. Կարեն Հեքիմյան
copy image url

Մենք գործ ունենք նոր ավանդույթի հետ, երբ բոլորը բոլորին հայհոյում են, ատում են, չեն հանդուրժում. Կարեն Հեքիմյան

Խոսք 3 տարի առաջ - 17:05 13-06-2021

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը 10 տարուց ավելի թրծվել է ՀՀ քաղաքական դաշտում՝ լինելով ընտրական հանձնաժողովի նախագահից մինչև քաղաքային խորհրդի պատգամավոր:

Նրա խոսքով, Հայաստանի պատմության մեջ դեռ այսպիսի խայտառակ ընտրություններ չեն եղել:

«Մենք գործ ունենք նոր ավանդույթի հետ, երբ բոլորը բոլորին հայհոյում են, ատում են, չեն հանդուրժում,- ասաց Կարեն Հեքիմյանը,- մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. եթե նախկինում մարդիկ մեկ կամ երկու հոգով կարող էին փողոցում կամ բակերում քարոզարշավ իրականացնել, հիմա շրջում են խմբերով՝ հետագա բռնություններից խուսափելու համար»:

Կարեն Հեքիմյանի կարծիքով, այս ամենը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ազգի բարոյալքմամբ և Նիկոլ Փաշինյանի կեցվածքով:

«Այս ընտրություններին մասնակցում են 26 կուսակցություն ու դաշինք, որոնց մեծամասնությունը դեռևս 90-ականներից մասնակցում է ընտրություններին, և ոչ մեկից ես ատելության այսպիսի խոսք չեմ լսել»,- նկատեց Կարեն Հեքիմյանը՝ փաստելով, որ քաղաքական նմանատիպ վարքագծի հիմնադիրը Նիկոլ Փաշինյանն է:

Անդրադառնալով իր փորձառության ամենահետաքրքիր ընտրություններին՝ Կարեն Հեքիմյանն առանձնացրեց 2003 թվականի նախագահական ընտրությունները, որտեղ հիմնական մրցակիցներ էին Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանը:

Այդ ընտրությունները հատկանշական էին նրանով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՍԴ-ն կասկած հայտնեց ՀՀ նախագահական ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ:

«Այդ ժամանակ Հայաստանում ոչ ոք չէր կասկածում Ստեփան Դեմիրճյանի տարած հաղթանակի վրա,- ասաց Կարեն Հեքիմյանը,- օրվա իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, այս իրավիճակում շատ հետաքրքիր լուծում առաջարկեցին. ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ հետագայում կարելի է կազմակերպել «վստահության» հանրաքվե, ինչով և կասկածի տակ դրեց ընտրությունների լեգիտիմությունը»:

Հաջորդ հատկանշական ընտրությունները, որի սցենարի կրկնությունն է այս ընտրություններում կանխագուշակում Կարեն Հեքիմյանը, 1996 թ. նախագահական ընտրություններն էին, երբ նույնիսկ ռուսական ռադիո «Маяк»-ով հաղորդվեց, որ ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը, որի վստահված անձն այդ ժամանակ մեր զրուցակիցն էր:

«Հաջորդ առավոտյան Հայաստանում կասկածելիորեն ոչ մի լրատվամիջոց չէր աշխատում, և արդեն պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ,- փաստեց Կարեն Հեքիմյանը,- կեսօրին հեռուստատեսությունը միանգամից միացավ, և Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը հարբած վիճակում հայտարարեցին, որ եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը ձայների 100 տոկոսը հավաքեր, մեր նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է»: