Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր կնոջ՝ Դիանա Նաուսեդենայի հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես Գիտանաս Նաուսեդան է գրել սոցիալական ցանցերում, նրա այցի նպատակն է աջակցել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը:
«Վրաստանի ազատասեր ժողովուրդը արժանի է իր տեղն ունենալ ժողովրդավարական եվրոպական ազգերի ընտանիքում», - ասել է Նաուսեդան:
Լիտվայի ղեկավարը Վրաստանը կոչել է խոր պատմություն, եզակի լեզու, գեղատեսիլ բնություն և հարուստ ավանդույթներ ունեցող երկիր:
Նշենք, որ այսօր Նաուսեդան այցելել է Պատարա-Խուրվալեթի գյուղ և ծանոթացել սահմանային գծում տիրող իրավիճակին: Վաղը տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ:
Նաուսեդան կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի հետ: Նախատեսվում են հանդիպումներ տեղի լիտվական սփյուռքի, Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ: