Չեխիայում ոստիկանությունը 156 բնակիչների մեղադրանք է առաջադրել երկրում արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կորոնավիրուսի վարակը կանխամտածված տարածելու համար. եթե դատարանը ճանաչի մեղադրանքը, նրանց կսպառնա մինչև 12 տարվա ազատազրկում: Այս մասին այսօր տեղեկություններ է տարածել հանրապետության Գլխավոր դատախազությունը:
Համավարակի առաջին ալիքի ժամանակ, երբ երկրում 2020 թ. մարտի 12-ից մինչև մայիսի 17-ը գործում էր արտակարգ դրության ռեժիմ, ոստիկանությունը հայտնաբերել էր 14 չարամիտների, ովքեր գիտեին, որ վարակված են կորոնավիրուսով և տարածում էին այն՝ անտեսելով անհապաղ ինքնամեկուսանալու իշխանությունների պահանջը: Երկրորդ անգամ համավարակի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հոկտեմբերի 5-ին և տևել մինչև 2021 թվականի ապրիլի 11-ը: Այս ընթացքում վարակը կանխամտածված տարածելու մեղադրանքներ են առաջադրվել հանրապետության 142 բնակիչների:
Չեխական օրենսդրության համաձայն՝ հիվանդության կանխամտածված տարածման համար սահմանվում է 3 տարի ժամկետով ազատազրկում: Նշված հանցագործության համար, որ կատարվել է արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, իսկ եթե չարամիտների գործողությունների հետևանքով մահանան երկուսից ավելի մարդ, ապա 12 տարվա ազատազրկում: