Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է իր մայրն աշխատել որպես գիշերային պահակ, որպեսզի հնարավորություն ունենա ցերեկը իրեն ավելի շատ ուշադրություն տրամադրելու: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարը կիսվել է այս հիշողություններով ծնողների հետ զրույցի ժամանակ, ովքեր պարգևատրվել են «Ծնողական փառք» շքանշանով: Պուտինը շփվել է Բլագովեշչենսկից Կանշինների ընտանիքի հետ և ենթադրել, որ Օլգա Կանշինան աշխատում է որպես հավաքարար, որպեսզի «ազատ ժամանակ ունենա խնամելու երեխաներին»:
«Ժամանակին իմ մայրը ևս ստիպված է եղել զբաղվել ամենահասարակ աշխատանքներով, աշխատել է հիվանդանոցներում որպես դայակ, աշխատել է որպես գիշերային պահակ՝ միայն այն բանի համար, որպեսզի նստի ինձ հետ»,- պատմել է Պուտինը:
Քաղաքական գործիչը նշել է, որ երեխաների դաստիարակությունը պահանջում է մեծ ջանքեր, շատ ժամանակ և սրտի ջերմություն: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երեխան ընտանիքում տոն է: Պետության ղեկավարը ընտանիքներին շնորհավորել է նաև Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: