ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» (genocide) եզրույթը՝ դրա փոխարեն նախընտրելով «Մեծ եղեռն» ձևակերպումը։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ջո Բայդենը 2021թ. ապրիլի 24-ին պաշտոնապես օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ այդպիսով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահի մակարդակով:
Մանրամասները պարզելու նպատակով
Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Նրա խոսքով, 2021-ին Բայդենի հայտարարությունը, որի ընթացքում «ցեղասպանություն» եզրույթը հնչեց երեք անգամ, շատերի համար ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման ակտ էր։
Սակայն փորձագետը շեշտում է, որ Բայդենի նախագահության ընթացքում որևէ իրավական կամ գործադիր որոշում չի ընդունվել, որը կհիմնվեր այդ տերմինի օգտագործման տրամաբանության վրա։
«Բայդենի հայտարարությունը հիմնականում հոգեբանական նշանակություն ուներ, և խանդավառության ֆոնին դրա սթափ գնահատականը կորավ։ Իրականում ԱՄՆ վարչակազմը որևէ կոնկրետ քաղաքական կամ իրավական քայլ չձեռնարկեց այդ ճանաչման հիման վրա»,- նշում է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ Թրամփի վերադարձը նախագահական պաշտոնին 2025-ին ենթադրում էր նաև վերադարձ «Մեծ եղեռն» տերմինաբանությանը, ինչն էլ տեղի ունեցավ ապրիլի 24-ի ուղերձում։ Այս եզրույթը առաջին անգամ կիրառվել էր Բարաք Օբամայի կողմից և գնահատվել էր որպես «կոմպրոմիսային» տարբերակ, որը չէր նեղացնում կողմերին, բայց նաև չէր բավարարում նրանց ակնկալիքները։
Սակայն, ինչպես ընդգծում է Ղևոնդյանը, այս տարի ուղերձում կար մեկ այլ՝ առավել կարևոր շեշտադրում. ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում «ռազմավարական գործընկերության» գաղափարի վերահաստատում։ Այս արտահայտությունը կապվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մարտի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հետ, որից հետո պետքարտուղարությունը տարածեց հաղորդագրություն՝ շեշտելով այդ գործընկերության նշանակությունը։
Թրամփն իր ուղերձում երկրորդեց այդ շեշտադրումը՝ այն կապելով տարածաշրջանային կայունության ապահովման հետ։
«Սա պետք է դիտարկել որպես ԱՄՆ նախկին վարչակազմի հետ կնքված ռազմավարական գործընկերության վերաբերյալ շարունակականության դրսևորում։ Հայաստանի համար սա հստակ ազդակ է՝ նոր առաջարկների ձևավորման և դրանց ներկայացման ուղղությամբ»,- ասում է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ այժմ արդեն ժամանակն է խուսափել տերմինների գերագնահատումից և կենտրոնանալ գործնական համագործակցության վրա։
«Մասնավորապես կարելի է վերակենդանացնել այն համաձայնությունը, ըստ որի՝ մաքսային և սահմանապահ ծառայության ամերիկյան խումբը պետք է այցելի Հայաստան, բայց այդ քայլը դեռ իրականություն չի դարձել»,- եզրափակում է Ռոբերտ Ղևոնդյանը։