Նևադայի դաշնային դատարանը Ռուսաստանի քաղաքացի Եգոր Կրյուչկովին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման Tesla ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու փորձի համար՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական գաղտնիքներ գողանալու և դրանց դիմաց փրկագին ստանալու:
Կրյուչկովը Tesla-ի գործարանի աշխատողներից մեկին 500.000 դոլար է առաջարկել գործարանի համակարգչում ծրագիր տեղադրելու համար, որի օգնությամբ նա մտադիր էր տեխնոլոգիական գաղտնիքներ ստանալ, այնուհետև շանտաժի ենթարկել էլեկտրական մեքենաների արտադրողին՝ փրկագին պահանջելով գաղտնիքները բացահայտելու սպառնալիքով: Նևադա նահանգի Ռինո քաղաքում է գտնվում Tesla-ի ամենամեծ գործարանը, որն արտադրում է էլեկտրական մարտկոցներ՝ հանրաճանաչ մեքենաների հիմնական բաղադրիչներից մեկը: Այն աշխատակիցը, որի հետ կապվել է ռուսաստանցին, իր վերադասներին տեղեկացրել է այս առաջարկի մասին: Հետաքննությունը վարել է ՀԴԲ-ն: Անցյալ տարվա օգոստոսին՝ Կրյուչկովին ձերբակալելու մասին լուրից հետո, Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ դա գաղտնիքներ գողանալու լուրջ փորձերի թիրախ է: