Project Syndicate ամերիկյան հրատարակությունը նյութ է հրապարակել այն մասին, որ առաջատար երկրները փորձում են անտեսել աննախադեպ հումանիտար աղետը, որը տեղի է ունենում Հարավային Ասիայում կորոնավիրուսի տարածման պատճառով: Հեղինակը շեշտում է, որ մարդկության մոտ մեկ քառորդն ապրում է այս տարածաշրջանում, և այնտեղ վարակի անվերահսկելի տարածումը սպառնում է ամբողջ աշխարհին հավերժական համավարակի հեռանկարով: Հեղինակը խոսում է Գանգես գետի ափին հազարավոր փչացող մարդկային մարմինների, դիակիզարանների համար վառելափայտի պակասի պատճառով դիակիզարանների մոտակայքում շոգին լքված դիակների, հիվանդանոցներում թթվածնի պաշարների անբավարարության, շտապ օգնության սենյակների դիմաց գոյացող հսկա հերթերի մասին:
Օրինակ՝ Նեպալում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ բնակչի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իրավիճակը բարդանում է նրանով, որ Հնդկաստանը պատվաստանյութերի և թթվածնի հիմնական մատակարարն էր այս երկրին, և այժմ մատակարարման այս գիծը փակվել է:
«Հարավային Ասիային օգնություն տրամադրելը ոչ միայն ճիշտ է, այլև այն բխում է մեր սեփական շահերից: Վարակի անվերահսկելի տարածումը ցանկացած վայրում կարող է հանգեցնել էլ ավելի մահացու շտամների ի հայտ գալուն, որոնք բոլորիս վտանգի տակ կդնեն»,- շեշտում է հրատարակությունը:
Հեղինակն առաջարկում է գործի դնել բոլոր լծակները Հարավային Ասիայում պատվաստումների գործընթացն արագացնելու համար, քանի որ այս տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում, բացի Բութանից, պատվաստվել է ընդամենը քաղաքացիների մինչև 10%-ը:
«Եթե մենք չկարողանանք իսկապես պաշտպանել ամբողջ աշխարհի մարդկանց՝ դադարեցնելով վարակը և դանդաղեցնելով դրա մուտացիան, մենք կկանգնենք հավերժական համաճարակի հեռանկարի առջև»,- ընդգծվում է հոդվածում: