Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մայիսի 12-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ մերձենալուն, որի հետ Թեհրանը պատմական բարդ հարաբերություններ ունի: Այդ մասին հաղորդել է Associated press գործակալությունը:
«Մենք որոշակիորեն պատրաստ ենք և միշտ պատրաստ ենք եղել Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապերի»,- Դամասկոսում լրագրողներին հայտնել է Զարիֆը:
Բաղդադը վերջերս հաստատել է, որ անցյալ ամիս միջնորդի դերով է հանդես եկել Սաուդյան Արաբիայի և Իրանի բանակցություններում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը սաուդյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էր Ռիադն Իրանի հետ լավ հարաբերություններ հաստատելու հույս ունի: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել ի պաշտպանություն արքայազնի այդօրինակ հայտարարությունների:
Դիտորդների կարծիքով՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտությունը տարածաշրջանային մակարդակով արդեն երկար տարիներ շարունակվում է:
2016 թ. երկու երկրների հարաբերությունները հատկապես վատացել են, երբ Էր Ռիադն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է Թեհրանում սաուդյան դեսպանության վրա բողոքողների գրոհից հետո: