Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որն իր քաղաքացիներին կոչ էր արել առանց հրատապ անհրաժեշտության չմեկնել Իրան։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական ռեժիմով, այլ ոչ թե քաղաքակիրթ Իսլամական Իրանով։
Քանաանին նշել է, որ Իրանի քաղաքականությունը նախկինի պես վիզաները չեղարկելն է։ Նրա խոսքով՝ Իրանը նպատակ ունի շարունակել բարեկամական բնույթի քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակներում:
«Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, բարիդրացիության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է նա։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր
Oragir.News-ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից, եթե հրատապ անհրաժեշտություն չկա։