Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցել են հաղորդակցության վերաբերյալ միջազգային առցանց ֆորումի:
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) նախաձեռնած «Հարկային հաղորդակցություն. վերադարձ դեպի ապագա» խորագրով ֆորումին քննարկվել են կազմակերպության անդամ 44 երկրներում կորոնավիրուսի համավարակի ժամանակ հարկ վճարող-հարկային մարմին հաղորդակցության մարտահրավերները, հեռավար աշխատանքի պայմաններում մշտական երկխոսություն ապահովելու համար կիրառված գործիքները:
Ֆորումին որպես զեկուցողներ մասնակցող ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանում հարկ վճարողների հետ հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու համար իրականացված քայլերը` առանձնացնելով սոցիալական հարթակներում ՊԵԿ էջերի ակտիվացումը և դրանց միջոցով արագ արձագանքը հարկ վճարողների բարձրացրած հարցերին: