ԱՄՆ Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնի սրտաբանները պարզել են, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են գիշերը սրտի կանգից մահանում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Heart Rhythm ամսագրում:
Սրտի հանկարծակի կանգը ռիթմի խանգարում է, որի ժամանակ սիրտը դադարում է բաբախել: Այն հաճախ շփոթում են սրտի կաթվածի հետ, որն առաջանում է սրտանոթային զարկերակների խցանման պատճառով: Ի տարբերություն վերջինիս՝ սրտի կանգը կարող է չունենալ նախնական ախտանիշներ, իսկ կենդանի մնալու հավանականությունը, եթե այն տեղի է ունեցել ոչ հիվանդանոցում, չի գերազանցում 10%-ը: Սրտի կանգի 17-41% դեպքերը տեղի են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան:
Հետազոտողները վերլուծել են սրտի հանկարծակի կանգի 4126 դեպքերի գրառումները: Պարզվել է, որ կանանց դեպքում գիշերը սրտի կանգ է գրանցվել մոտ 25.4% դեպքերում, տղամարդկանց պարագայում՝ 20.6% դեպքերում: Թոքային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ նույնպես ավելի հաճախ էր գրանցվել սրտի կանգ, բայց այս գործոնը բարձրացնում էր ռիսկը՝ անկախ սեռից:
Առայժմ պարզ չէ, թե ինչն է կանանց ավելի խոցելի դարձնում գիշերն անսպասելի սրտի կանգից: Հետազոտողները ենթադրում են, որ պատճառը կարող են լինել շնչառության որոշ դեռ չբացահայտված հատկություններ, բայց այդ հարցը ենթակա է ուսումնասիրության:
Բացի դրանից՝ ռիսկերն ավելի մեծ են այն մարդկանց դեպքում, որոնք այնպիսի դեղեր են օգտագործում, որ կարող են ազդել ուղեղի շնչառական կենտրոնի վրա, օրինակ՝ հակադեպրեսանտներ, ցավազրկողներ և հանգստացնող միջոցներ:
Հետազոտողները կարծում են, որ սա կարող է առիթ դառնալ դեղամիջոցներ ընդունելու ժամանակահատվածի նկատմամբ ավելի զգույշ լինելու համար: