168 ԺԱՄ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՊԱՏՎԵՐԸ․ ԱՅԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ». «ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
copy image url

168 ԺԱՄ. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՊԱՏՎԵՐԸ․ ԱՅԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ». «ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մամուլ 4 տարի առաջ - 10:45 23-01-2021

«Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախսատականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։

168.am-ը զրուցել է «Շուշի» հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ, որը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, նշել է, որ այն առնվազն տարակուսանք է առաջացնում։

«Ինքս տարիներ շարունակ զբաղվել եմ Շուշիի մշակույթի, հուշարձանների ուսումնասիրությամբ, մեր հիմնադրամն ահռելի աշխատանք է կատարել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման միտք արտահայտելը պետք է որ պատվեր լինի, այլ բացատրություն չունեմ, գուցե նման հայտարարություն է անում, որպեսզի արդարանա, որ Շուշին հանձնել են։ Գիտեք, Շուշին չեն գրավել, այլ հանձնել են, որին մասնակից է Նիկոլ Փաշինյանը։ Նա նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև Շուշին 3000 տարվա պատմություն ունի։ Մինչև 1920 թվականի մարտի 23-ն այնտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում, մարտի 23-ին հայտնվեցին թուրք ասկյարները և տեղի մահմեդական բնակիչները կազմակերպված կոտորեցին հայ բնակչությանը, այդ երեկոյան 5 հազար մարդ են սպանել։ 16 հազար մարդ էլ, օգտագործելով մառախուղային եղանակը, կարողացել են փախչել՝ թողնելով ամեն ինչ։ Խորհրդային տարիներին քաղաքը մնում է ադրբեջանցիներին, այդ ամենը ծրագրված էր։ Մինչև Շուշիի ազատագրումն այնտեղ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում, բայց այնտեղ 4000 մարդ էր ապրում։ Նիկոլ Փաշինյանն այս մասին պետք է խոսեր, այլ ոչ թե խորհրդային տարիներից խոսեր, մարդաբանական բոլոր տվյալները կան, կարող էր օգտվել։ Շուշին բացարձակ հայկական քաղաք է»,- նշել է Բակուր Կարապետյանը։

Ըստ նրա՝ երբ չափագրում էին Շուշիի հայկական խաչքարերը, այնտեղ եղել է միայն մի քանի ադրբեջանական հուշարձան, այսինքն՝ մի քանի մզկիթներ։

«Ես ուրիշ կերպ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չեմ կարող բնորոշել, քան պատվեր, նա, կարող է՝ կատարում է Ալիևի պատվերը, որովհետև այլ բացատրություն չունեմ: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է երկրի վարչապետը նման հայտարարություն անի՝ մեկ՝ «դժբախտ ու դժգույն» քաղաք է Շուշին, մեկ՝ «ադրբեջանական»։ Շուշիի բերդաքաղաքն աշխարհի ամենահզոր բերդերից մեկն է։ Մենք ծրագիր էինք մշակել, որ Շուշին հայտարարեինք համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք, ու հանկարծ նման հայտարարություն անել»,- հավելել է Բակուր Կարապետյանը։

Շուշիի և առհասարակ Արցախի պատմությանը լավ ծանոթանալու համար, Բակուր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել ծանոթանալ իր գրած «Շուշիի բերդաքաղաքը» մենագրությունը, եթե գիրքը չգտնի, ապա պատրաստ է տրամադրել, նաև «Գուլիստան նամե» գիրքը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այս գրքերը կարդա, լավ կլինի, բայց նա գրողներին, գիտնականներին չի սիրում ու չի ընդունում, եթե ընդուներ, ապա մեր պատմությանն այսքան անծանոթ չէր լինի, գուցե՞ դիտավորյալ է անում, այս ամենը շատ վատ է, և ես նրանից խորը հիասթափություն եմ ապրում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: