Վարորդների վարքագիծը վերահսկելու նպատակով շուտով պարեկային մեքենաների տանիքներում կտեղադրվեն 360 աստիճանով գործող տեսախցիկային համակարգեր, որոնք հնարավորություն կտան նկարահանել նաև շրջակայքում գտնվող մեքենաների ներսի հատվածը։
Այս մասին օրեր առաջ Հ1-ի եթերում տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Փոքրիկ տեսախցիկային համակարգեր կտեղադրվեն պարեկային ծառայողների մեքենաների տանիքներին, որոնք թույլ կտան 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաները, որոնց վարորդները հեռախոսով խոսում են, ծխում են կամ ամրագոտի չեն կապել»,- ասել է նախարարը:
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանից։
«Ես համարում եմ՝ սա ոչ սահմանադրական հերթական դրսևորումն է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ այս որոշումը նոր չէ, քանի որ քաղաքացիները որպես տուգանքի մատերիալ են դիտվում, իսկ նոր տեսախցիկները քաղաքացիներից գումար գանձելու և պետական բյուջեն լցնելու համար են։