Նաիրա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զոհերի, սպանության միջոցների, թվերի ու կոտորածի մասին թերևս շատ է ասվել։ Կուզեի անդրադառնալ դիմադրությանը։ Դիմադրել ենք կայսերական համակարգի կողմից սիստեմատիկ կազմակերպած ցեղասպանությանը ու չենք վերացել։
Դիմադրել չի նշանակում միայն և միայն զենքը ձեռքին դիմադրել (թեև դա էլ ենք արել՝ ի հեճուկս ազգի գլխատվածությանը)։
Գաղթի ու կոտորածի ճանապարհին ավազի վրա փոքրիդ հայերեն տառերը սովորեցնելն էլ է դիմադրել, Զորավար Անդրանիկի կողմից հայ մանուկների ու կանանց՝ թուրքական ու քրդական ընտանիքներից ետ դեպի հայություն բերելն էլ է դիմադրություն, սիրիական անապատում համակենտրոնացված ճամբարներում փոխօգնության ցանց ստեղծելն էլ է դիմադրություն, ազգի ամեն մի բեկորը հավաքելն էլ է դիմադրություն, Էջմիածնում ու Գյումրիում հազարավոր որբուկներին նոր կյանք տալն էլ է դիմադրություն։
Ստորև կդնեմ մի փոքր հատված ցեղասպանությունը վերապրած Ռաֆայել և Գաբրիել Շահինյանների հիշողություններից (պահպանվում է ՀՑԹԻ-ում)։
Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ դիմադրություն։
«Ռուսաստանում ապրող խոտորջուրցիները հայրենակցական միություն էին կազմել և Թուրքիայի գավառներում հայրենակիցներին էին փնտրում: 1919թ. մեր Խոտորջուրի 7 գյուղերի բնակիչներից գտան մենակ 7 հոգու: Փնտրելու թույտվություն ստանալու համար ոսկի փողով մեծ գումար էին ուղարկել այդ ժամանակվա թուրքական կառավարությանը: Դրան միջամտել էին նաև անգլիական և ֆրանսիայի դեսպանները: Կար իրավունք ազատ փնտրելու հայրենակիցներին:
Մեզ գտան հայրենակցական միության անդամներ Թաթմանյան Գասպարը, Ադամյան Մկրտիչը, Մուրադյան Քերոբը և Քերոբյան Հայկ: Ուրիշ գավառներից շատ մարդկանց էին սպանել: Հավաքված 200-300 հոգուս ուղարկեցին հայրենակցական կենտրոնը՝ Հալէպ»։
Այդ 7 հոգին ողջ մնացին Խոտորջուրի մասին պատմելու համար։ Սա էլ է դիմադրություն։
Իսկ քարտեզը դնում եմ, եթե չեք պատկերացնում թե ինչ մասշտաբներ է ունեցել ցեղասպանությունը։
Ու այո, առանձնահատուկ զզվանք ունեմ Ցեղասպանությունը ժխտողների հանդեպ, էլ չասեմ արդարացնողներին․․․»։