Մեր հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է: Սա ամենամեծ մոլորությունն է:
Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց և տղամարդկանց ներգրավվածությանը կրթության, աշխատանքի որոշ ոլորտներում:
«Իրականության մեջ խոսք կա՝ դե, տղա է, թող մի քիչ էլ տենց բան… Իրենց թվում է՝ այդպիսով տղաներն ուժեղանում են: Բայց այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից: Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է: Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ: Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ասաց նա:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ»։
«Այո, տղամարդկանց նկատմամբ։ Կանանց շատ է արտոնություններ տրված, թե՛ հագնվելու, թե՛ խոսքի առումով։ Շատ առաջ հակառակն էր»,- պատասխանեց անցորդներից մեկը։
Հարցվածներից որոշների կարծիքով՝ սեռային խտրականություն կա, որոշների կարծիքով՝ ոչ։
«Այո, հավասար են արտոնությունները, բայց կանանցը ավելի շատ է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։