Եթե շատ նայենք Արարատին, Թուրքիան կջղայնանա ու կհարձակվի ՀՀ-ի վրա, չէ՞, դուք մեր անցյալն եք ջնջում

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 18:45 15-04-2025
Ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ, ուղղակի՝ դրանց գունավորներն ունեցանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ներկայացնելով 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ կնոջ ու իր երեխայի սև ու սպիտակ լուսանկարը և Արցախից բռնագաղթող հայ կնոջ գունավոր լուսանկարը՝ կրկին կրծքին պահած երեխայով։

Նրա խոսքով, վերջինս տեղի ունեցավ այն պատճառով որովհետեւ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» և Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը և այդ ուղերձը հղվեց հանրությանը։

«Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է»,-ասաց Վարդանյանը՝ նկատելով, որ ըստ իշխանությունների, եթե երկար նայենք Արարատին և մեզ իդենտիֆիկացնենք Արարատով՝ Թուրքիան կջղայնանա և կհարձակվի Հայաստանի վրա։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությունները ցանկանում են ջնջել անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Նկատելով, որ Իշխանություններն այդ մասին խոսում են անմեղ հարցրերով, բայց չեն պատասխանում հարցին, թե ինչու հանձնաժողով չկա Հայոց ցեղասպանության 110 ամյակի կապակցությամբ՝ ասելով, թե այն իրենց առաջնահերթությունների մեջ չէ։

Պատգամավորը հարցրեց, թե այդ դեպքում ո՞րն է ՔՊ-ի առաջնահերթությունը՝ թուրք ադրբեջանական պահանջների բավարարո՞ւմը։

«Ցեղասպանությունը չկրկնվելու մի ճանապարհ կա և այն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները բավարարելը չէ, այլ մեր իրավունքների համար պայքարը»,-ասաց Վարդանյանը։