Թրամփը մեղադրում է, Իրանի առաջնորդը հոռետես է, Էրդողանի հակառակորդը տուգանվել է․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 4 օր առաջ - 22:13 15-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 15-ի միջազգային կարևոր լուրերը:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորեն ենք վերաբերվում մեր հնարավորություններին»,- ասել է Խամենեին։
Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որոնք, նրա խոսքով, արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 12-ին Մասկաթում Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից բանակցային թիմի ղեկավարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Թուրքիայի Միլի Մեջլիսում Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Աքարը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։
«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- ասել է Աքարը։

Մանրամասները՝ տեսանյութում: