Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 22-ի միջազգային կարևոր լուրերը:Բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը։ Նման եզրակացության են եկել ադրբեջանցի հետաքննող լրագրողները։
Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։
Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։
Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը, 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։
Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ, որոնց գովազդն անձամբ Ալիևն է անում։
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձեւ կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն նաև նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է աջակցեն բանաձևին։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այլ մանրամասներ չի հայտնել։