Վիրավորում է ու մնում անպատիժ. Անդրանիկ Քոչարյանի գործը երեք տարի է` չի շարժվում տեղից
copy image url

Վիրավորում է ու մնում անպատիժ. Անդրանիկ Քոչարյանի գործը երեք տարի է` չի շարժվում տեղից

Ներքին 1 շաբաթ առաջ - 20:16 09-04-2025
2022 թվականից Վահե Ալբերտի Հակոբյանը դատական կարգով պահանջում է Անդրանիկ Գրիգորի Քոչարյանից հրապարակային ներողություն՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև զրպարտչական բնույթի տեղեկությունների հերքում, որն արդեն երկար ժամանակ գտնվում է դատական քննության փուլում:

Դատավարական գործընթացը տարբեր հանգամանքների բերումով մի քանի անգամ ընդհատվել է, ինչը զգալիորեն երկարաձգել է գործի քննության ժամկետները: Դատական գործի քննությունը սկսվել է դեռևս 2022 թվականի մայիսին, երբ դատավոր Աննա Փիլոսյանի որոշմամբ հայցը ընդունվել է վարույթ։

Սակայն դրան հաջորդած շրջանում դատարանի կազմում մի քանի փոփոխություններ են կատարվել՝ կապված դատավորների լիազորությունների դադարեցման և ինքնաբացարկի միջնորդությունների հետ:

2022 թ. դեկտեմբերին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները: Գործը 2023 թ. հունվարին փոխանցվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ում լիազորությունները ևս դադարեցվել են մեկ ամիս անց:

Այնուհետև գործը 2023 թ. ապրիլին անցել է դատավոր Արտակ Մկրտչյանին, սակայն վերջինս նույնպես սեպտեմբերին հայտնել է ինքնաբացարկ՝ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունից հետո: Այս փոփոխությունների արդյունքում գործը միայն 2023 թ. սեպտեմբերի 26-ին է հանձնվել ներկայիս դատավորին՝ Արմինե Սաֆարյանին, ով որոշում է կայացրել այն նորից ընդունել վարույթ և սկսել քննությունը սկզբից՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների։

Վերջին դատական նիստը նշանակվել է 17.06.2025 թ., ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ նիստերի դահլիճ №3-ում: Այս պահի դրությամբ գործը դեռևս համարվում է անավարտ և գտնվում է քննության փուլում, ինչն ընդգծում է դատական համակարգում հաճախ հանդիպող ձգձգման լուրջ խնդիրը:

Հայցվորը պահանջում է՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար, հերքել զրպարտչական բնույթի տեղեկությունները, հերքման բովանդակությունը սահմանել հայցվորի կողմից ներկայացված տարբերակով, բռնագանձել ոչ նյութական վնասի փոխհատուցման գումար։

Այսպիսով, իր բազմաթիվ վիրավորանքներով ու զրպարտանքներով աչքի ընկնող Անդրանիկ Քոչարյանը 2022 թվականից ի վեր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։

Թեև հանրային դաշտում նրա անունը հաճախ է կապված սկանդալային հայտարարությունների և քաղաքական հակառակորդներին վիրավորելու դեպքերի հետ, դատարանում քննության առնված միակ գործը՝ Վահե Հակոբյանի հայցը, դեռ չի ստացել արդար լուծում։

Անընդմեջ փոխվող դատավորների ֆոնին գործի քննությունը սկսվում է գրեթե ամեն անգամ նորից, ինչը ոչ միայն վնասում է դատական գործընթացի արդյունավետությանը, այլև խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ։

Այս գործը ապացույցն է նաև այն կարևոր հարցի, թե որքանով են հանրային գործիչները և պետական պաշտոնյաները ենթակա օրենքի առջև՝ իրենց արտահայտությունների և գործողությունների համար։

Եթե նույնիսկ այս մի գործով դատարանը ի վերջո կայացնի որոշում, հարցը մնում է բաց՝ արդյո՞ք սա կմղի Քոչարյանին պատասխանատվությամբ մոտենալ իր հանրային խոսքին, թե՞ այն կդառնա ընդամենը մեկ դրվագ անվերջ շղթայում, որտեղ իշխող կուսակցության քաղաքական կերպարները շարունակում են գործել անպատժելիության մթնոլորտում։