Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։
Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք՝ Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2010 թվականի հունիսի 2-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ականը չի հայտարարագրել։
Ծովինար Վարդանյանը Հայէկոնոմ բանկում ունեցել է 31 մլն 560․000 դրամ փոխառություն՝ 10․5 տոկոսով, որը տարեվերջին պահպանվել է։ Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 288․199 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 260․403,9 դրամ։
Կանխիկ միջոցներ՝ ՔՊ-ականը չի հայտարարագրել։ Հաշվետու տարում Վարդանյանի եկամուտները կազմել են 12 մլն 347․459 դրամ, որից 9 մլն 977․170 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 370․289 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 767․083 դրամ։ Վարդանյանն իր եկամուտներից 5 մլն 293․994 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։