«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, եւ այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:
Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել: ՀՀ ՍԴ-ն որոշել է, որ Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաեւ նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ եւ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն՝ կապված վեճի էության հետ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա Մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։