Արդեն մեկ շաբաթ է, ինչ արցախահայերը «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում, որտեղ տեղադրել են վրան և ասում են, որ կհանեն այն միայն այն դեպքում, երբ իրենց առաջ քաշված պահանջները իրականացվեն։
Oragir.News-ը զրուցեց «Վերածնվող Արցախ» հասարակական շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանի հետ, ով ներկայացրեց արցախահայերի գլխավոր պահանջները, խոսեց այն խնդիրների մասին, որոնց բախվել են նրանք բռնի տեղահանությունից հետո և դեռ բախվում են։
Նա մանրամասնեց նաև արցախցիների նկատմամբ իշխանությունների և նրանց համակիրների կողմից դրսևորվող բացասական վերաբերմունքի պատճառները։
«Եթե դու իրոք հայ ես, ազգասեր մարդ ես, ապա մենք պետք է տեսնենք, տեսնենք՝ իրականությունն ինչպիսին է՝ հողի վրա։ Բոլոր գործողությունների բացասական բացթողումները կան և իրականացվել են ներկա իշխանությունների օրոք։ Չեմ անձնավորում՝ իրենք չլինեին, ուրիշը կլիներ, էլի նույն քաղաքականությունը տանելու պարագայում մենք, մեկ է՝ քննադատելու էինք։ Բայց ներկա իշխանությունները հենց այս մարդիկ են, մենք նրանց պատճառով ենք այս օրը տեսել»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձում են մարդկանց տարանջատել, ավելի հեշտ կառավարել առանձին խմբերն ու պառակտություն մտցնել. «Նմանատիպ ակցիաների միջոցով պետք է կարողանանք արթնացնել ժողովրդի մեջ այն գիտակցությունը, որ սա բոլորիս պարտականությունն է՝ հայ լինելու, որպես հայ ապրելու մեր այս հողում։ Մեզ խաբել են, խաբելու են, եթե մենք անտարբեր լինենք այս հարցերին։ Մենք էլ չենք հավատացել, որ մի օր այս վիճակում կլինենք։ Ամեն դժվարություն պատկերացրել ենք, բայց ոչ այն, որ կմնանք անտուն, անհայրենիք։ Մեզ նայեք ու մի լռեք»։
«Վերածնվող Արցախ» հասարակական շարժման հիմնադրի խոսքով՝ ՀՀ իշխանությունները 1,5 տարի ժամանակ են ունեցել, որ բարենպաստ ծրագրեր մշակեն և ստեղծեն, իսկ առանց այդ սոցիալական աջակցության՝ մարդիկ չեն կարող ապրել. «Եթե մենք պետք է գանք ու ասենք ձեզ, թե ինչ պետք է արվի կամ ինչ կետեր ինչպես պետք է փոխվեն, ապա 1,5 տարվա ընթացքում դուք ե՞րբ եք մեր ձայնը լսել։ Ամեն ինչն էլ սուտ եք ասում։ Սուտ ասողի հետ ինչպե՞ս բանակցես։ Ամեն երկրում, երկրի զարգացումն ու կործանումն իրականացնում է ղեկավարը՝ նայած՝ ինչ ղեկավար է։ Մեզ պետք չէ 40 +10։ Վերադարձրու մեր հայրենիքը։ Արցախցին հացի փող չի ուզել, մուրացկանի դերում չի եղել։ Հիմա ամեն ինչ անում են, որ ատելություն սերմանեն մարդկանց մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։