Թրամփի դեմ խաղ կա, Փաշինյանի դեմ չկա՞
copy image url

Թրամփի դեմ խաղ կա, Փաշինյանի դեմ չկա՞

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 10:30 31-03-2025
Ֆրանսիական Մեծ հեղափոխության արժեքներով առաջնորդվող երկրներում իշխանության թևերի բաժանումն իրական է։ Օրինակ՝ դատական իշխանություններն անկախ են, զսպում ու հակակշռում են մյուս թևերին։ Եթե գործադիրն իր ծրագիրն ու քաղաքական նպատակն իրագործելիս անզգուշաբար կամ գիտակցված փորձում է շրջանցել օրենքը կամ ոտնահարել իրավունքն, ապա դատարանները դրանք կանխում են սկզբունքորեն, քանի որ նրանց համար օրենքն, իրավունքն, արդարությունն ու ճշմարտությունն ավելի բարձր են ու կարևոր, քան երկրի ղեկավարի հրամանը։ Գործադիրը չի հրամայում շրջափակել դատարանի շենքերը, sms չի գրում ու խնդրում հրաժարական տալ, չի զանգում դատավորին ու վճիռ թելադրում։ Իշխանության թևերի այսպիսի իրական բաժանում կա, օրինակ՝ ԱՄՆ-ում, ինչը մեկ անգամ ևս ցույց տրվեց օրեր առաջ։

Մարտի 26-ին ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM): Դատարանի որոշմամբ, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Որոշմամբ կասեցվում է նաև Կոնգրեսի հաստատած՝ «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին որոշումը։ «USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է»,- հայտարարել է դատավորը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Այսպիսով՝ ապացուցվեց, որ չնայած ԱՄՆ նախագահ Թրամփը մեծ իշխանությամբ օժտված ուժեղ ղեկավար է, սակայն նրա կամայական որոշումների դեմ, պատկերավոր ասած՝ խաղ կա, քանի որ ԱՄՆ դատարանն օրենքը, արդարությունը, իրավունքն ավելի վեր է դասում, քան ԱՄՆ նախագահի հրամանը։ Իսկ գործադիրն էլ հարգում է դատարանի որոշումը, ճնշում չի գործադրում։ Սա է պետությունը, սա է արդարության նվիրումը, սա է իշխանության թևերի հակակշիռը։ Այսպես է վստահություն ներշնչվում արդարադատության հանդեպ։

Գուցե կոռեկտ չէ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համեմատելը։ Սակայն հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանում պատկերը լրիվ այլ է։ Նիկոլ Փաշինյան իրեն ուժեղ ղեկավար է համարում, սակայն երբեմն ժողովրդավարական սկզբունքներին հակասող վարք է դրսևորում։ ՀՀ-ում իշխանության թևերի հակակշիռները անցանկալի խոչընդոտ են որակվում։ Հնարավոր չէ պատկերացնել, որ դատարանը վարչապետի sms-ին հակառակ որոշում կընդունի։ Եթե պատգամավորը, դատական իշխանության ներկայացուցիչը Փաշինյանի կամայականությունը կամ sms-ը չի հարգում, ապա նրա դեմ բռնաճնշումներ են սկսվում։ Իսկ ԱԺ նախագահն, ունենալով մեծ իշխանություն, նախաձեռնություններով աչքի չի ընկնում։

Որոշ քննադատներ կարծում են, թե հակաժողովրդավարական այսպիսի գործելաոճը բնորոշ է դրածո իշխանություններին։ Այսինքն՝ քանի դեռ ՀՀ-ում մեծ է ռուսական ազդեցությունը, հակաժողովրդավարական երևույթները կշարունակվեն։ Այս պնդման կենդանի ապացույցը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Հակաժողովրդավարական երևույթները արժեզրկում են ժողովրդավարական բարեփոխումներն ու հետ շպրտում Հայաստանը ազատ ժողովրդավարական պետություն դառնալու ուղուց, քանի որ զուգահեռաբար չեն իրականացվում անկախության բարեփոխումներ։

Պարզ ասած՝ ԱՄՆ դատարանը կարող է օրենքն ավելի վեր դասել, քան ԱՄՆ նախագահի հրամանը, քանի որ ԱՄՆ-ն անկախ, լուրջ պետություն է, որտեղ կայուն ավանդույթներ, սկզբունքներ, արժեքներ կան, Աստծո աչքում երկիրն արդարացնող արդարներ կան։ Այստեղ օրենքն իրապես ամեն ինչից վեր է, ինչպես երազում էին նրանց հիմնադիր հայրերը։ Իսկ Փաշինյանի դեմ խաղ դեռ չկա ու չի լինի, քանի դեռ անկախության պաշտպանության իրական քայլեր չեն արվել։ Հետևաբար՝ ՀՀ ղեկավարի կամայականությունները սանձելու, հակակշիռների մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաև ընտրություններով իշխանության հասնելու օրինական հնարավորությունն իրացնելու համար նախ պետք է անկախության ամրացմանը, ռուսական ազդեցությունը չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալ։ Քանի դեռ քաղաքական համայնքն այս խնդրին առաջնային ուշադրություն չի դարձնում, ապա նույնիսկ իշխանափոխությունից հետո ՀՀ-ն իրապես ազատ, ժողովրդավար պետություն չի դառնա, օրենքն էլ ամեն ինչից վեր չի բարձրանա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված