Համ դնում են քվեարկության, համ արդյունքը հաշվի չեն առնում․ բոյկոտողները տուգանվելու են
copy image url

Համ դնում են քվեարկության, համ արդյունքը հաշվի չեն առնում․ բոյկոտողները տուգանվելու են

Ներքին 4 շաբաթ առաջ - 13:00 28-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շաբաթներ առաջ հայտնել էր, որ քաղաքային իշխանությունները մտադիր են դիմել Ազգային ժողովին և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո տուգանել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին, չնայած առիթը բաց չեն թողնում պնդելու, որ բոյկոտը տապալվել է, ու չվճարողների թիվը շատ քիչ է։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման էր ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում էր վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից հետո հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիները կտուգանվեն 15 հազար դրամով, իսկ ավելի հնարամիտ քաղաքացիները, ովքեր կորոշեն արտոնություն ունեցող քաղաքացիների փոխարեն երթևեկել, 18 հազար դրամով։

Նախագծի քննարկման ժամկետը մարտի 10-ից 26-ն էր, իսկ արդեն երեկ՝ մարտի 27-ին, կառավարությունը հավանություն տվեց առաջարկվող նախագծերին, որոնք հաջորդիվ պետք է ընդունվեն խորհրդարանի կողմից և ուժի մեջ մտնեն։ Ուշագրավ է, որ հարթակում քննարկմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ 92%-ը, դեմ է արտահայտվել այս նախագծին, սակայն այս իրողությունը չի կաշկանդել «ժողովրդավարության բաստիոն» ինքնհռչակված Հայաստանի կառավարությանը, և վերջինս մերժված նախագիծը հավանության է արժանացրել։



Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի ներկայիս կառավարության համար, որը դիրաքավորվել է որպես ժողովրդավարական արժեքների ջատագով և պաշտպան, այդ արժեքներն իրականում ոչ մի նշանակություն չունեն և նույն կառավարության կողմից դրանք ամեն պատեհ առիթով դրանք ոտնահարվում են։ Այս համատեքստում տեղին ենք համարում հիշեցնել Հայոց պատմություն առարկան Հայաստանի պատմություն վերանվանելու նախագիծը, որը կրկին e-draft.am-ում քաղաքացիների կողմից մերժվել էր, սակայն Փաշինյանի կառավարությունն այն հավանության էր արժանացրել և հաջորդ ուսումնական տարվանից դպրոցականները կուսումնասիրեն արդեն վերանվանված առարկան։

Կարճ ասած՝ e-draft.am-ը, որի ստեղծման նպատակը ժողովրդավարական արժեքների խթանումն էր և քաղաքացիներին որոշումների ընդունմանը մասնակից դարձնելը, վերածվել է ձևական բնույթ կրող մի հարթակի, որն առաջին հայացքից գոյություն ունի, սակայն չի ծառայում իր նպատակին։ Երբեմնի հեղափոխական կառավարությունը փաստացի թքած ունի երբեմնի հպարտ քաղաքացիների կարծիքի վրա և առանց նրանց կարծիքը հաշվի առնելու սղղացնում է իր բոլոր որոշումները։

Չենք բացառում, որ իշխանական թևից գուցե այս դիտարկմանը հակադարձեն «բա Սերժի ժամանակ լա՞վ էր, էն ժամանակ խոսեիք» ու նմանաբովանդակ այլ էժանագին խոսույթներով, սակայն այս դեպքում վերջիններիս ուշադրությունը բարեկամաբար կհրավիրենք այն իրողության վրա, որ նախկինում քաղաքացիների կողմից մերժված նախագծերը կառավարության կողմից չէին ընդունվում և քվերարկություններում գոնե արտաքուստ գերակշռում էին կողմ արտահայտվողները։ Գուցե այս դեպքում էլ իշխանականները որպես հակափաստարկ բերեն այն իրողությունը, որ այդ արդյունքներն արձանագրվում էին համատարած կեղծիքների ու լցոնումների միջոցով՝ փաստելով, որ իրենք թքած ունեն իրենց իսկ փառաբանած ժողովրդավարական արժեքների վրա և անգամ լցոնումներով ժողովրդավարության իմիտացիա չեն ստեղծում․ արզապես անտեսում են հազարավոր քաղաքացիների կամքն ու ընդունում մերժված հանրության կողմից մերժված նախագծերը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված