Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շրջապատը ակտիվորեն, երբեմն ագրեսիվ կերպով առաջ են տանում տեսակետը, թե «Սերժը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ հզոր ուժերի»:
Որևէ բան չի խանգարում, որպեսզի երրորդ նախագահը հոդված գրի, հարցազրույց տա կամ մամուլի ասուլիսում նշի այդ հզոր ուժերին:
Քանի դեռ պարոն Սարգսյանը նման բան չի անում, դեռ մի կողմ եմ թողնում, թե ինչքան են արժանահավատ լինելու այդ տեղեկատվությունները և պնդումները, մենք կարող ենք փաստել, որ՝
ա/ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար 2018-ի գարնանը փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ Երևանում, մարզերում և շրջաններում, քանի որ մեր քաղաքացիները ուղղակի հոգնել էին սերժա-քոչարյանական երկու տասնամյակից,
բ/ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին պարտվել են ոչ միայն փողոցում, այլ նաև 2018թ և 2021թ ընտրություններում, և այդ մասին վերջերս խոստովանեց ՀՀ երկրորդ նախագահը,
գ/ Նիկոլ Փաշինյանը, որի վարկանիշը այսօր ամենացածր կետի վրա է, կարողանում է իր շուրջը համախմբում իրականացնել՝ օգտագործելով սերժա-քոչարյանական անցյալի վերադարձի սպառնալիքը... Ավելի վիրավորական բան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահի անցյալի մասին դժվար է պատկերացնել, այն է՝ սեփական ժողովրդին վախեցնել նրանց վերադարձով:
Շատ բան կարելի է գրել 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին և կգրվի, և չափազանց կարևոր է, որ․
ա/ Սերժ Սարգսյանը նշի դրսի ներգրավված ուժերին՝ անհատներ, կորպորացիաներ, պետություններ, եթե դրանք եղել են,
բ/ լռությունը խախտի Գազպրոմի Կարեն Կարապետյանը և հայ ժողովրդին հաշվետվություն տա մանրամասնորեն այն օրերի ու ժամերի մասին, երբ ինքը, որպես փոխվարչապետ, խոսում էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ:
Քանի դեռ Սերժը չի խոսում վերոնշյալ թեմայով, նրա և նրա շրջապատի խոսակցությունները, որ «Նիկոլին դրսի ուժերն են բերել», պրիմիտիվ մանիպուլյացիաներ են և ուղղված են նրան, որ համոզեն հայ ժողովրդին, թե «Սերժի նման մտքի տեր մարդը չէր կարող պարտվել կապիտուլյանտ Նիկոլին»: