Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, նրա կնոջ՝ Մարիանա Մկրտչյանի, ինչպես նաև նրանց հետ բնակվող չափահաս անձանց՝ Սիլվա Թադևոսյանի և Եղսան Մովսիսյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Մովսիսյանը 2019-2022 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը», այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավոր, իսկ 2022-ի հունվարի 13-ին նշանակվել է Արագածոտնի մարզպետ ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Որպես անշարժ գույք՝ Մովսիսյանը տարեսկզբին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, որոնք ժառանգություն է ստացել դեռևս 2003 թվականի հոկտեմբերի 24-ին։ 2023 թվականի ընթացքում նա ձեռք է բերել բաժնային՝ ½ սեփականությամբ հողամաս և առանձնատուն՝ Աշտարակում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանում։ Տարեվերջում նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, մարզպետը չի հայտարարագրել։
Վերջինիս բանկային հաշվիներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 4 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն 500 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 199․254, որը Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 85․608 դրամ։
Մարզպետի կինը՝ Մարիանա Մկրտչյանը, իսկզբանե անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան՝ Երևանում, որը ամուսնու հայտարարագրած բնակարանն է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Մկրտչյանի բանկային հաշիվները ևս ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 150 հազար դրամ, տարեվերջին՝ 450 հազար դրամ կանխիկ գումար։
Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 338․180 դրամ, որից 2 մլն 689․709 դրամն Աշտարակի մշակույթի պալատից, 648․471 դրամն էլ՝ Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 85․608 դրամ։
Նրանց հետ համատեղ բնակվող Սիլվա Թադևոսյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում, որոնցից առաջինը նվիրատվություն է ստացել 2019 թվականի օգոստոսի 23-ին, երկրորդը ձեռք բերել 2021 թվականի մարտի 23-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հասարակական շինություն՝ Աշտարակում, որը ժառանգություն է ստացել 2019 թվականի հուլիսի 29-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Թադևոսյանը չի հայտարարագրել։
Սուսաննա Թադևոսյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 350 հազար դրամ։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 766․915 դրամ, որն Էջմիածնի բժշկական կենտրոնից ստացած աշխատավարձն է։
Մարզպետի հետ համատեղ բնակվող մյուս անձը՝ Եղսան Մովսիսյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն և հողամաս՝ Փարպիում, որը ժառանգություն է ստացել 2013 թվականի հունիսի 21-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Եղսան Մովսիսյանը չի հայտարարագրել։
Վերջինս կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։