Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:
Սպարապետի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում ԵԿՄ ներկայացուցիչները, սպարապետի զինակիցները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Եռաբլուր չեն այցելի:
Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է եղել 1999 թվականի հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:
Նա իր ակտիվ գործունեությունն սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը: Նրան շնորհվել են Հայաստանի ազգային հերոս և Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչումները:
Մեծ է նրա դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: 2000թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր:
Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, Վազգեն Սարգսյանն այսօր գնահատվա՞ծ է»։
Հարցվածներից մեկի կարծիքով՝ միակ բանը, որի համար Սպարապետին կարելի է հիշել, դա հայկական բանակի ստեղծումն է։
«Ոնց կարելի է չգնահատել եզակի մարդու, ով չէր թողնի, որ երկիրը էս օրի հասներ։ Սխալ արեց, որ անկոչ մարդկանց իշխանության բերեց»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ ժողովուրդը գնահատում է, բայց իշխանությունները՝ պարզ չէ։
«Ափսոս, որ մահվանից հետո ավելի շատ է գնահատված, բայց գնահատված է»,- նշեց մի կին։
Մանրամասները՝ տեսանյութում։