Բնակարան, մեքենա, 1․5 մլն կանխիկ, 15 մլն եկամուտ․ Հերիքնազ Տիգրանյանի և ամուսնու ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:37 04-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերքինազ Տիգրանյանի և նրա ամուսնու՝ Սերգեյ Հակոբյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Հերիքնազ Տիգրանյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որոնք նա գնել է պատգամավոր դառնալուց ընդամենը 2 օր անց, ընդ որում նույն օրը՝ 2019 թվականի մարտի 20-ին։

Տարեվերջին պատգամավորի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ Տիգրանյանը հայտարարագրել է 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2011 թվականի ապրիլի 23-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 62․200 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 845․392 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 1330 դրամ կանխկին գումար, տարեվերջին՝ 1․5 մլն դրամ։

Հաշվետու տարում Տիգրանյանի եկամուտները կազմել են 15 մլն 359․451 դրամ, որից 13 մլն 90․552 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն 239․999 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, իսկ 28․900 դրամը Կանանց իրավունքների տուն ՀԿ-ից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 879․977 դրամ։ Պատգամավորի ամուսինը՝ Սերգեյ Հակոբյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է կնոջ հայտարարագրած բնակարանն ու ավտոկայանատեղին, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա նա չի հայտարարագրել, սակայն 90 օրից ավելի նա տիրապետում է 1994 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայի, որը պատկանում է իր պատգամավոր կնոջը։

Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 146․02 դրամ, տարեվերջին՝ 166․03 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 576․000 դրամ, որն իր կենսաթոշակն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված