Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և նրա ամուսնու՝ Մամիկոն Գևորգյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվել է 2022 թվականի հունիսին, իսկ նախքան դա զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանի օգնականի, ավելի վաղ էլ՝ արդարադատության նախարարի օգնականի և տեղակալի պաշտոնները։
Որպես անշարժ գույք՝ Վարդապետյանը հայտարարագրել է բաժնային՝ ⅕ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը նա նվիրատվություն է ստացել 2014 թվականի հուլիսի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Վարդապետյանը «Անտառային Շին» ՍՊԸ-ում ունեցել է 46 մլն 802․873 դրամ և 5 մլն 314․382 դրամ փոխառություններ, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։
Գլխավոր դատախազի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 189․773,16 դրամ և 15 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 262․816,12 դրամ և 312․5 եվրո։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ, տարեվերջին՝ 800 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարում Աննա Վարդապետյանի եկամուները կազմել են 83 մլն 698․116,05 դրամ, որից 30 մլն 303․010 դրամը ՀՀ Գլխավոր դատախազությունից, 746․840 դրամը՝ Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն է, 46 մլն 802․873 դրամը՝ ՎՏԲ Հայաստան բանկից ստացած փոխառությունը, 5 մլն 720․330 դրամը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, 297․5 եվրոն էլ՝ Եվրոպայի խորհրդից ստացած այլ եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 734․335 դրամ։
Վարդապետյանն իր եկամուտներից 7 մլն 520․001,6 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Բացի այդ, նա 2 մլն դրամը գերազանցող՝ 9 մլն 500 հազար դրամ արժեքով թանկարժեք նվիրատվություն է ստացել, որի մանրամասները հայտարարագրում չի նշել։
Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որոնցից մեկը գնել է 2007 թվականի նոյեմբերի 14-ին, մյուսը՝ նվիրատվություն ստացել նույն թվականի դեկտեմբերի 7-ին, ինչպես նաև բաժնային՝ ⅓ սեփականությամբ բնակարան՝ կրկին Արաբկիրում, որը նվիրատվություն է ստացել 2013 թվականի հունիսի 25-ին։ Տարեվերջին Գևորգյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014 թվականի հունիսի 24-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4 մլն 264․689 դրամ, 1652 դոլար և 2593 եվրո, տարեվերջին՝ 8 մլն 729․727 դրամ, 1646 դոլար և 2593 եվրո։ Նա ունեցել է նաև 700 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։
Հաշվետու տարում Գևորգյանի եկամուտները կազմել են 13 մլն 968․568 դրամ, որից 9 մլն 500 հազար դրամը նա նվիրատվություն է ստացել իր կնոջից՝ Աննա Վարդապետյանից, 4 մլն 188․898 դրամը Ռուսալ Արմենալ ընկերությունից ստացած աշխատավարձն է, 279․670 դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը։