Մի շարք ծրագրեր անվերջ ձգձգվում են՝ առաց որևէ արդարացման։ Այս շարքում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը։ Այն նախատեսվում էր ներդնել դեռ 2023-ին։ Օրեր առաջ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր: Այս կարևոր քննարկման մասին, սակայն, շատ սուղ տեղեկատվություն է տարածվել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մութ բան կա։
Ինչո՞ւ են ձգձում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը, ի՞նչ կտա այն ժողովրդին ու առողջապահական համակարգին։
ԵՄ և մի շարք զարգացած երկրներում հնարավոր է եղել այս համակարգը ներդնել համընդհանուր բարեկեցության մակարդակը բարձրացնելուց, աղքատությունն ու գործազրկությունն էապես կրճատելուց հետո։ Այս երկրներում աշխատող մարդն այնքան է վաստակում, որ կարող է դրա մի մասը վճարել որպես ապահովագրության վճար և լիարժեք օգտվել առողջապահական ծառայություններից։
Բոլորովին այլ է իրավիճակը ՀՀ-ում։ ՔՊ-ական իշխանությունը խճճվել է իր հորինած աշխարհում։ Բանն այն է, որ այս համակարգը ներդնելն օբյեկտիվորեն անհնար է, երբ աղքատությունը, գործազրկությունը բարձր, իսկ աշխատավարձերը ցածր մակարդակի վրա են։ ՀՀ-ում գործազրկության և աղքատության պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական պատկերը։ Իսկ աշխատողների մեծ մասն այնքան ցածր եկամուտներ է ստանում, որ հազիվ ծայրը ծայրին է հասցնում։
Այս նախաձեռնությունը ռիսկային է նաև առողջապահական համակարգի համար, որը մեր երկրում զարգացման այն աստիճանի վրա չէ, որ բարձր մակարդակով սպասարկի բոլոր ապահովագրված մարդկանց։ Բուժհիմնարկները, բուժաշխատողները սովոր են անմիջականորեն բուժառուից ընդունել վճարումները։ Եվ շատերը, հնարավոր է՝ չդիմնանան համապարփակ ապահովագրության նորմերին։
Համակարգի ներդրման ամենախնդրահարույցը, սակայն, մնում է առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի խնդիրը։ Եթե ներկայում ապահովագրական ընկերություններն են առանձին-առանձին համագործակցում բուժհիմնարկների և դեղատների հետ, ապա համապարփակ ապահովագրության ներդրման պարագայում նախատեսվում է ստեղծել մեկ միասնական հիմնադրամ, որտեղ պետք է մուտքագրվեն բոլոր վճարումները, և այդ հիմանդրամից էլ պետք է համապատասխան հատկացումներ արվեն նախարարությանը, բուժհիմնարկներին ու դեղատներին։ Այստեղ ռիսկերը կարող են կոմպենսացվել, եթե հիմնադրամը լրիվ կամ մասամբ տնօրինի պետությունը։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ՔՊ-ն չի կարողանում որոշել, թե առողջապահական ոլորտի «վիշապներից» ո՞վ է տնօրինելու ապահովագրված անձանց վճարած գումարները, ո՞վ է այս պատրվակով մտնելու ժողովրդի գրպանը՝ Արսեն Թորոսյա՞նը և նրա թիկունքում կանգնածները, թե՞ Անահիտ Ավանեսյանը իր հովանավորների հետ միասին։ Ենթադրելի է, որ օրեր առաջ ԱԺ-ում քննարկվել է հենց այս հարցը, և այդ պատճառով է շատ սուղ հաղորդագրություն տարածվել կարևոր քննարկման մասին։
Ի վերջո՝ նախատեսվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ամեն եռամսյակ ապահովագրական տարբեր վճարումներ են անելու ու ստանալու ապահովագրական տարբեր փաթեթներ, որոնցով կարող են օգտվել բուժհիմնարկների ծառայություններից, դեղատներից և այլն։ Այս առումով էլ՝ կա հիմնավոր մտավախություն, որ քաղաքացիներն անհավասար պայմաններում են հայտնվելու։ Ցածր եկամուտ ունեցողներն ի վիճակի չեն լինելու «ֆուլ» փաթեթներ գնել, պակաս գումարներ են վճարելու և սահմանափակ փաթեթներ են ստանալու, որոնցով օգտվելու են չնչին բաներից։ Եթե այսպես լինի, ապա առողջության համապարփակ ապահովագրության ներդրման արդյունքում իրապես շահելու են «ֆուլ» փաթեթներից օգտվողները, և իհարկե՝ հիմնադրամը տնօրինողը։ Իսկ ժողովրդի մեծ մասը փաստացի վճարելու է, փոխարենը ստանալով գրեթե ոչինչ։
Թաթուլ Մկրտչյան