Երևանում և Բաքվում նախկին նախագահներին են դատում, 80 հազար երևանցիներն արհամարհվեցին․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:31 11-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում շարունակվող բոյկոտի ֆոնին այսօր քաղաքային իշխանությունները մերժեցին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում տրանսպորտային փաթեթների հետ մեկտեղ 1 ուղևորության արժեքը սահմանել 100 դրամ։ Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին մերժեց այս նախագիծը՝ 27 կողմ, 30 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Նախագծի հիմքում դրված է եղել 80 հազար քաղաքացիների ստորագրությունը, որը մայրաքաղաքում իշխանություն ձևավորված քաղաքական ուժերի կողմից փաստացի արհամարհվեց։

Ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց տրանսպորտի նոր փաթեթին, տոմսային համակարգի արտոնություններին առնչվող նախագծին։ Նոր նախագծով 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ, 300 դրամ արժողությամբ տոմսի 90 րոպեի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: Նախագծի համաձայն՝1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 -ից 45 օր: Բացի այդ, արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից: Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արցախցիները կարող էին մնալ Արցախում և պայքարել, սակայն վերջիններս նախընտրել են հեռանալ։ Այս մասին Սիմոնյանն ասել է Ազգային ժողովում՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, ով հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է Սիմոնյանն «Արցախը» վերածել «Ղարաբաղ»-ի։ «Ես քաղաքական գործիչ եմ, դեմ եմ, օրինակ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, ես պետք է քաղաքական գործչի էթիկան պահպանեմ։ Ամեն ինչ կարվի, որ դուք վերադառնաք այնտեղ այն ժամնանակ, երբ անվտանգ կլինեք։ Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»,- պնդել է ԱԺ նախագահը։ Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։

Խորհրդարանի խոսնակը նաև հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին արտատարածքային միջանցք չի տրամադրի, բայց պատրաստ է ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումը՝ առանց կանգառների։ Սիմոնյանի այս հայտարարությանն արձագանքել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով՝ փաստորեն Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»։ «Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է հակադրվում, այլ՝ դրա ռուսական վերահսկողությանը: Ու այդ ճանապարհին Փաշինյանը «հերոսաբար» զոհաբերել է հնարավոր ամեն ինչ՝ Գորիս-Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը, Արցախը, Տավուշի պաշտպանական դիրքերը, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը, հիմա էլ պատրաստ է զոհաբերել Հայաստանը»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սուրենյանցը՝ վերահաստատելով, որ ստեղծված իրավիճակից պակաս ռիսկային ելքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործումն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված