Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 6-ի միջազգային կարևոր լուրերը:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը չի մարում։ Ադրբեջանական կողմը սպառնում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ անցած դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ էր դարձել։
Ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պնդում են՝ Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը և չի կատարել նախագահ Ալիևի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։
«Ադրբեջանի տրամադրության տակ են «Պանցիր-Ս» տիպի հրթիռի բեկորներ, որով և ռուսները հարվածել են ինքնաթիռին», - երեկ, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդել էր Reuters-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը, USAID-ն գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ։ Կոբախիձեն այս մասին ասել է ՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որ USAID-ն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է Միացյալ Նահանգների շահերին հակասող ծրագրերի ֆինանսավորման վրա:
«Մենք իսկապես հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կդադարի այն գարշելի համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (NED) և այլ համապատասխան կառույցների միջև», - ասել է Իրակլի Կոբախիձեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Թրամփը քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: