Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 30-ի միջազգային կարևոր լուրերը։
Միացյալ Նահանգների նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ըստ ամերիկյան դաշնային դատախազների մեղադրանքի՝ նախկին սենատորը այլ կառավարություններին աջակցելու դիմաց ստացել է խոշոր նվերներ, ոսկի, կանխիկ փող և «Մերսեդես»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դատավճռից առաջ նախկին սենատորն արտասվել է ու ասել․ «Ես կորցրի այն ամենն, ինչ թանկ էր ինձ համար, ընտանիքիցս բացի»։
Բոբ Մենենդեսը հայամետ քաղաքական գործչի համբավ ունի, նրա հայազգի կինը՝ Նադին Մենենդեսը, նույնպես մեղադրյալ է ամուսնու գործարքներին մասնակցելու համար։ Կնոջ դատավարությունը նշանակված է մարտին։ Մենենդես ամուսինները մեղադրանքը չեն ընդունել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երդմնակալությունից հետո առաջին ութ օրվա ընթացքում ավելին է արել, քան Ջո Բայդենի գլխավորած ամերիկյան վարչակազմին հաջողվել է անել չորս տարվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Ես իրականում կարծում եմ, որ մենք ութ օրվա ընթացքում ավելին ենք արել, քան Բայդենի վարչակազմը չորս տարվա ընթացքում»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Վենսը ավելացրել է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ ոլորտները կլինեն տնտեսական եւ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարը։
«Եթե Բայդենի եւ դեմոկրատների վարած բաց սահմանների քաղաքականությունը շարունակվեր եւս չորս տարի, մեր երկիրն անդառնալիորեն կփոխվեր։ Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում էներգիայի ծախսերը նվազեցնելու համար, քանի որ դա մեզ թույլ կտա սնունդը, բնակարանը եւ մնացած ամեն ինչ ավելի մատչելի դարձնել Ամերիկայի քաղաքացիների համար»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։