Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը շեշտակի թանկանալու է և այս օրերին ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում փորձում են հիմնավորել այդ թանկացումը՝ հայտարարելով, որ նոր ավտոբուսները գործող 100 դրամ սակագնով հնարավոր չէ շահագործել։ Ընդ որում, տրանսպորտի ուղեվարձի մինչև 300 դրամ թանկացումն այժմ այն ՔՊ-ականներն են արդարացնում, ովքեր 2013 թվականին անզիջում պայքար էին մղում ուղեվարձն ընդամենը 50 դրամով թանկացնելու որոշման դեմ։
Օրերս խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ։ «Էն պայքարը, որը ես իրականացրել եմ, ես իրականացրել եմ ջարդված գազելների, ծխող վարորդների, իրար մեջ խցկված, առանց օդորակիչների, մահվան գազելների՞, թե՞ հուսահատության դեմ։ Հիմա էսօր վճարել 100 դրամ ավտոբուսին, որտեղ կա Wifi, օդորակիչ, սպիտակ վերնաշապիկով վարորդ, որին մի հատ սենց նկարում են, ասում են՝ ոնց որ հեռախոսի մեջ ա, գործից ազատում են․․․»,- ասաց ԱԺ նախագահը՝ տրանսպորտի դեմ պայքարը համարելով կեղծ, դեմագոգիկ օրակարգ։
Նույն Ալեն Սիմոնյանը 2013 թվականին գտնում էր՝ 150 դրամ վճարելն ամոթ է, քանի որ Հայաստանը հացի խնդիր ունեցող երկիր է։ «Էտ 50 դրամը 1 հացի կեսն է, իսկ մենք էսօր հացի խնդիր ունեցող երկիր ենք։ Ու դնել, մարդուն ասել՝ գիտես ինչ, այսուհետ դու պետք ա քո հացի ևս կեսն էլ տաս պետությանը, որ որոշ մարդիկ գերշահույթներ ունենան և բազմաթիվ մեքենաներով իրենց հետևից թիկնապահներ պտտեցնեն՝ մեծ շարժիչով մեքենաներով, մի քիչ անարդար է, եթե չասեմ ավելի խիստ»։
Ալեն Սիմոնյանը թեև նշում է, որ այժմ Երևանում նոր ավտոբուսներ են գործում և գազելներն ամբողջովին փոխարինվել են, սակայն կարծես թե մոռացել է, որ Հայաստանը շարունակում է մնալ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկիր, որտեղ բնակչության մի զգալի մասն օրվա հացի խնդիր ունի։ Փաստացի քաղաքային իշխանությունները, թանկացնելով տրանսպորտի ուղեվարձը, ավելի քան 30 տոկոս աղքատության պայմաններում մարդկանց զրկում են իրենց 1 հացի գումարից, ինչը չափազանց ծանր հետևանքներ է ունենալու։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․