Երեկ՝ հունվարի 16-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անրադարձավ կանանց համար քվոտա սահմանելու հարցին և ասաց, որ ոչ մի քվոտայի կարիք չկա, աղջիկները ամենաթոփ տեղերից ոչ թե դուրս են մղելու տղաներին, այլ թափուր է լինելու այդ տեղը, քանի որ տեղը զբաղեցնելու ի վիճակի տղաներ չեն լինելու ուղղակի․
«Մենք այս երևույթը տեսնելու ենք առանց քվոտայի, առանց ԵՄ ծրագրերի, առանց չգիտեմ, ֆեմինիստական շարժումների և այլն: Եվ դա մենք մեր ձեռքով արել ենք»։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ մեր երկրում տարբերություն երբևէ չի դրվել կանանց և տղամարդկանց միջև, բայց Նիկոլ Փաշինյանը, Էդգար Ղազարյանի կարծիքով, առաջին դեպքը չէ,որ նշում է կանանց տղամարդկանց նկատմամբ ունեցած գերակայությունների մասին, և հիշեց նաև, որ մի անգամ, ինչքանով որ ինքն էր հիշում, Փաշինյանը վախեցրել է մարզպետներին, որ եթե իրենց լավ չպահեն, պաշտոններում կանանց մարզպետների պաշտոններում կնշանակի․
«Ընդհանրապես նրա հայտարարությունը կարելի է համարել սեռով պայմանավորված խտրականություն անկախ նրանից, թե որ սեռի նկատմամբ է դա։ Ստացվում է Նիկոլ Փաշինյանը պայքարում է տղամարդկանց դեմ՝ օգտագործելով կանանց որպես միջոց։ Իր կարծիքով՝ ինչ-որ տղամարդու պատժելու լավագույն միջոցը կնոջը որևէ պաշտոնում նշանակելն է։
Կարծում եմ, եթե որևէ կին ունի բավարար արժանիքներ պաշտոն զբաղեցնելու համար, ապա դա չարժե քննության ենթարկել, հիմա հարց է առաջանում՝ Փաշինյանի գլխավոր նպատակը կնոջ հանրային դերի գնահատո՞ւմն է, թե՞ հակառակը՝ նրան որպես սպառնալիք օգտագործելը, և այս դեպքում ստացվում է, որ նա բոլոր այն պաշտոններում, որոնցում կանանց է նշանակել, այդ կանանց ենթակա տղամարդկանց ստորացնելու համար է եղել։ Օրինակ՝ եթե նա Արփինե Սարգսյանին նշանակել է ներքին գործերի նախարար, ենթադրենք ոստիկանության պետին և փրկարար ծառայության պետին ստորացնելը, նսեմացնելը, և պատժելն է»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը։
Ղազարյանը նաև ասաց, որ հաշվի առնելով այն փաստը, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների մեծ մասը, որոնք եղել են ժամկետային զինծառայողներ, եթե ողջ լինեին, ապա նրանց այն տարիքն էր, որ արդեն բուհերը պետք է ավարտած լինեին և աշխատանքի հավակնորդներ լինեին, բայց քանի որ նրանք զոհվել են, և 1 կամ 2 հոգու մասին չէ խոսքը, այլ 1000-ավոր երիտասարդների մասին է խոսքը գնում, ակնհայտ է, որ մեր հասարակության և դեմոգրաֆիական կազմն է փոխվում, և սոցիալական այս հետևանքներն են առաջանում, և ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե ինչու է Փաշինյանը այս դեպքում խոսում տղաների մրցունակության պակասի մասին, ինչու են նրանք կորցնում իրենց մրցունակությունը․
«Ով է ասել, որ տղամարդիկ մրցակցում են կանանց դեմ աշխատանքի հարցում, մեր երկիրը իրավահավասարություն է նախատեսում սահմանադրությամբ, և սեռով պայմանավորված նման դիսկրիմինացիա պետք է որ չլինի։ Հիմա հարց է առաջացնում՝ ինչու է Փաշինյանին տղամարդկանց մրցունակությունը կորցնելու հարցը ուրախացնում, փորձում ես տրամաբանել, բայց չես հասկանում, ուստի կարծում եմ, որ հիմարի ամեն ասած պետք չէ մեկնաբանել»։