Ամանորյա զարդարանքից հետո կառավարության շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ:
Վերջինս նշեց, որ Հանրապետության հրապարակի պատերի վրա առաջացած խոռոչները, որոնք արվել են ամանորյա զարդարանքներից հետո, միտումնավոր չեն արվել, դրանք գալիս են փորձի պակասից ու աշխատանքները սխալ կազմակերպելուց: Նա ասաց, որ մտադրված կարող ենք համարել այն, որ ցանկանում են Կոնդը քանդել կամ քառասունհարկանի շենքեր կառուցել, սակայն այսպիսի երևույթները տարրական անգրագիտության դրսևորում են, որը կշտկվի: Սակայն վատն այն է, որ բավականին մեծ վնաս է հասցվել Կառավարության շենքին: Նա նշեց, որ Կառավարության շենքը ֆերզիտից է, և այն շատ դժվար է վերականգնել։
Մեր զրուցակիցը նշեց, որ սխալ է համարում այն, որ տոնածառը և ամանորյա զարդարանքները չեն թողնում մինչև հունվարի վերջ: Նրա կարծիքով, շատ մարդիկ չհասցրին իրենց երեխաներին մարզերից բերել Երևան՝ զարդարանքը տեսնելու: Նա ընդգծեց, որ Երևանը միայն երևանցիների համար չէ, և կարևոր է, որ բոլորն ունենան հնարավորություն վայելելու քաղաքում տիրող տոնական մթնոլորտը: Այստեղ շատ մեծ անելիք ուներ ոչ միայն քաղաքապետարանը, այլ նաև ԿԳՄՍ նախարարությունը, որովհետև Կառավարության շենքը պատմամշակութային կարևոր կառույց է, սակայն նախարարը այս հարցի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել։
«Նման պատմական շենքերի համար չի թույլատրվում պատերը ծակել զարդարանքների նպատակով։ Կան հատուկ կախիչներ, որոնք ամրանում են տանիքներին շենքի պատից 10 սմ հեռու՝ պատերը չվնասելու համար, և շատ կարևոր է, որ թե՛ քաղաքաապետարանը, թե՛ ԿԳՄՍՆ- ն, ինչպես նաև Ճարտարապետների միությունը արձագանքեն ու նշեն , որ չի կարելի։ Դա վանդալիզմ է հրապարակի բոլոր շենքերի նկատմամբ, հատկապես՝ Կառավարության շենքի։ Պետք է կառառավարության ղեկավարի մոտ լիներ ժողով, քանի որ ինքը նստում է այդ շենքում, կառավարում է երկիրը, պետք է հասկանա, որ այդ հրապարակը հասարակ հրապարակ չէ։ Սովետական Միության ժամանակ Կարմիր հրապարակից հետո լավագույն հրապարակն էր որպես ճարտարապետական կառույց։ Տգեղ է, որ տոնածառի մոտ նկարվելու համար մարդիկ պետք է բարձրանան աստիճաններով, տատիկ-պապիկները իրենց թոռնիկներին հազիվ տրանսպորտով բերում, հասցնում են քաղաք, ստիպված պետք է աստիճանները բարձրանան տոնածառի մոտ նկարվելու համար։ Թող տոնածառը դնեն առաջվա Լենինի առձանի տեղը։ Սա վայրենություն է և ուրբանիստիկայի կանոների խախտում։ Սա բոլոր առումներով շատ տգեղ է, իսկ շենքերի հանդեպ արդեն 3 տարի է՝ բարբարոսություն են անում, բայց երբ այս երկրում մեկը պատասխանատվության ենթարկվի, կվախենան արդեն մի հատ մեխ նույնիսկ խփել, բայց հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, վնաս է տալիս, հետագայում այդ մարդըը իհարկե ջնջվում է Երևանի պատմության էջերից, բայց շենքերի վնասը մնում է»,-նշեց Մնացականյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։