Արշակ Կարապետյանը ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին  
copy image url

Արշակ Կարապետյանը ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին  

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:05 14-01-2025
Վերջին օրերին ակտիվացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Վերջինս ռուսամետ հայտարարություններ է անում, ակնարկում վարչապետ դառնալու մտադրության մասին, նշում, որ ՀՀ անվտանգության ապահովման բանալին գտնվում է Մոսկվայում։ Ի՞նչ իմաստ ունեն Մոսկվայում բնակվող ՀՀ նախկին պաշտոնյայի ռուսամետ և հավակնոտ հայտարարությունները։

Բանն այն է, որ ռուսների աջակցությամբ 2018-ին իշխանության եկած, մինչև 2022-ը վառ ռուսամետ ուղեգիծ վարած, վառ ռուսամետ գործիչներով կառավարություն կազմած Նիկոլ Փաշինյանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից՝ ՀՀ Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, և այն ուղարկել Ազգային ժողով։ Մյուս կողմից՝ Փաշինյանն օրակարգ չի բերում ռուսական ուղեծրից, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ռուսական զորքերը ՀՀ սահմաններից դուրս հրավիրելու, դեսովետիզացման, լյուստրացիայի մասին օրինագծերը։ Այս տրամաբանական հակասությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանը մտադիր է անխախտ պահել հայ-ռուսական օրակարգը։ Այդպիսի խոստում է տվել նա 2018-ին ռուսների միջնորդությամբ իշխանության ընդունման, հանձնման ժամանակ։

Եվ հիմա ՔՊ-ական իշխանությունը հայտնվել է երկու քարի արանքում։ Նրան անհրաժեշտ են ռուսական օրակարգն անխախտ պահելն ու ԵՄ անդամակցությունը ձգձելու պատճառներ։

Այստեղ ահա՝ Փաշինյանին օգնության ձեռք են մեկնում փորձառու գործիչները, որոնց շարքում առավել հուսալի են նախկին գործընկերները, նրա կաբինետներում աշխատած նախկին նախարարները, նրա խմբակցությունից դուրս եկած նախկին պատգամավորները և այլն։ Այս շարքում բավական աչքի ընկնող ակտոր է նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Հավասարակշռված, ռազմական գործի գիտակ, կառավարման փորձառություն ունեցող այս գործիչը տեսականորեն կարող է վստահություն ներշնչել բազմաթիվ մարդկանց և հանրային արձագանքներ ստանալ։ Իսկ Փաշինյանն այս ամբողջ պատկերը կարող է ի մի բերել ու եվրոպական գործընկներներին ցույց տալ, թե ինչ ճակատային դիմադրություն կա եվրաինտեգրացիայի հարցում, ժամանակ է հարկավոր այդ դիմադրությունը հաղթահարելու, մաշեցնելու համար։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ռուսամետ գործիչներն ու նրանց առաջին շարքում կանգնած Արշակ Կարապետյանը, պատկերավոր ասած՝ ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին։

ՔՊ-ն էլ ոչ պակաս ջանքեր է գործադրելու ԵՄ անդամակցությունը ձգձգելու հարցում։ Առաջիկա օրերին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Կանխատեսելի է, որ ՔՊ-ական պատգամավորները ընդդիմադիրների հետ համագործակցելով, մի քանի ամիս կքննարկեն այն, որից հետո առվազն 6 ամիս անց կնշանակեն ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի օր։

Ռուսամետների ակտիվությունը ձեռնտու է նաև Մոսկվային։ Վերջինս փորձելու է պատկեր ստեղծել, թե հայ ժողովրդի մի մասը, մասնավորապես՝ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների մի մասը համաձայն չեն ԵՄ-ին անդամակցելուն, նախընտրում են լավացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Այս պատկերը ստեղծելու համար Կրեմլը փորձելու է ոտքի հանել՝ ում հնարավոր է։ Սակայն մեծ համախմբում ձևավորել, ենթադրաբար՝ չի հաջողվելու, քանի որ կրթված, տեղեկացված ռուսամետների մեծ մասը հիմնավոր մտավախություն ունեն, որ Մոսկվան հեռանալու է ՀՀ-ից։

Պարզ ասած՝ Արշակ Կարապետյանը, որը ռուսական օրակարգով առաջարկներ և հայտարարություններ է անում, ակնարկում վարչապետ դառնալու մտադրության մասին, առաջիկայում, ենթադրաբար՝ դառնալու է ռուսամետների առաջնորդը, հավաքական կերպարը։ Ե՛վ Մոսկվան, և՛ Փաշինյանն առաջիկա մի քանի ամիսներին շարունակելու են հանրայնացնել նրա անունը, հանրային քննարկումներում նրա դերը հնարավորինս ուռճացվելու է։ Չի բացառվում նույնիսկ, որ ԵՄ անդամակցելու հանրաքվեի քարոզարշավում հենց նա էլ կգլխավորի «Ոչ»-ի ճամբարը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված