Օրերս ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը սոցցանցի իր էջում հայտնել էր, որ հրաժարական է ներկայացրել։
Փոխնախարարի գրառման մեջ, բացի Նիկոլ Փաշինյանին ուղղված երախտիքի խոսքերից, այլ բան չկա, չնայած որ օրերս հարցազրույցներում մեկում Հարությունյանը ասել է, որ իր գրառումով պատասխանել է բոլոր տեսակի հարցադրումներին, որոնք կարող էին առաջանալ իր հրաժարականի ֆոնին։
Վերջին շրջանում Հայաստանում ավանդույթ է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնանկ են արվում, բայց որևէ բացատրություն չի ներկայացվում հանրությանը։
Oragir.News-ը փորձեց զրուցել Հովհաննես Հարությունյանի հետ, բայց նախկին փոխնախարարը առաջարկեց հարցազրույցը թողնել հետոյի։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Հովհաննես Հարությունյանը ավելի բարձր պաշտոն կստանա։
Որ անգործ չի մնալու, այս մասին ինքը ևս ՏԿԵ նախկին փոխնախարարը անկեղծացել էր.
«Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու»,-ասել է Հարությունյանը։
Մեր աղբյուրը այլ մանրամասներ չի հայտնում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հարությունյանը տապալել է հանքարդյունաբերության ոլորտը, խախտումներ են եղել։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, 2016-ից մինչև հեղափոխությունը ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկան: 2018 թվականին նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ, 2019 թվականի ապրիլից մինչ հոկտեմբերը զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։
2021թ. հունվարից-նոյեմբեր զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը։
Հովհաննես Հարությունյանը ՔՊ-ական Արսեն Թորոսյանի կադրն է, մտերիմ հարաբերությունների մեջ է նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։
Նախկին փոխնախարարի հոր` Ավետիք Հարությունյանի անվան շուրջ էլ էր աղմուկ բարձրացել։
Մոտ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո Հարությունյանի հայրը ազատ է արձակվել, իսկ որդին այդ ընթացքում հասցրել է զբաղեցնել տարբեր պաշտոններ։