Ասելը հեշտ է, անելը՝ դժվար․ Նիկոլ Փաշինյանի խոստացած 93 մանկապարտեզներից 60-ը չեն գործում

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 14-12-2024
2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը:

Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել այն համայնքների վարչական ղեկավարների կամ մանկապարտեզների տնօրենների հետ, որտեղ պետք է իրականացվեին շինարական աշխատանքները՝ վերանորոգում, հիմնանորոգում կամ գույքի ձեռքբերում։

Եթե կարճ, ապա մանկապարտեզների մեծ մասը՝ երկու երրորդը, դեռևս չի գործում կամ վերանորոգումն ավարտված չէ, կամ գույքի ձեռքբերման գործընթացը դեռ չի ավարտվել։

Համայնքների ղեկավարներն ու մանկապարտեզների տնօրենները, բնական է, պնդում էին, որ առաջիկայում բոլոր աշխատանքներն ավարտվելու են, բայց փաստը մնում է այն, որ 93 մանկապարտեզից 60-ը չեն գործում։

Այժմ՝ ըստ հերթականության․

1․ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, որը, ըստ վարչական ղեկավարի, կգործի 15-20 օրից։ Շինարարական աշխատանքերը սկսվել են 2024թ․-ի մայիսի 24-ից։

2․ Արագածի Գուսան Աշխույժի անվան նոր կառուցվող մանկապարտեզը, որի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Աշխատանքները սկսվել են 2022թ․-ից։

3․ Ալագյազ համայնքի մոդուլային տիպի՝ 144 տեղով մսուր-մանկապարտեզը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ․-ի դեկտեմբերից և դեռ ընթացքի մեջ են։

4․ Դաշտավան գյուղի մանկապարտեզը, որտեղ ըստ վարչական ղեկավարի՝ այս պահին մնացել են գազի, ջրի և լույսի խնդիրները։ Աշխատանքները սկսվել են 2023թ․-ի աշնանը, պետք է ավարտվեին այս տարվա գարնանը։

5․ Արարատ համայնքի Ավշար գյուղի մանկապարտեզը, որտեղ աշխատանքները սկսվել են 2021թ․-ից և դեռ ընթացքի մեջ են։

6․ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզը դեռ չի գործում։ Ըստ տնօրենի՝ աշխատանքները սկսվել են 2022թ․-ի նոյեմբերից։

7․ Ջրառատ գյուղի մանկապարտեզը, որի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2022թ․-ի նոյեմբերից։ Տնօրենի խոսքով՝ գույքի ձեռքբերման փուլում է և մոտակա ամիսներին կսկսի գործել։

8․ Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի մանկապարտեզը ևս այս պահին չի գործում։

9․ Խանջյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքերը դեռ չեն ավարտվել։ Դրանք սկսվել են 2024թ․-ի ապրիլին։ Տնօրենի խոսքով՝ մանկապարտեզը 30 տարի չի գործել։

10․ Տարոնիկ գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Դրանք սկսվել են 2023թ․-ից։

11․ Տանձուտ գյուղի մանկապարտեզը ևս դեռ չի գործում։ Ըստ վարչական ղեկավարի՝ շենքը պատրաստ է։

12․ Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզի աշխատանքները նույնպես ավարտական փուլում են։ Վերանորոգումը սկսվել է 2 տարի առաջ, վերջնաժամկետը 2025 թվականն է։

13․ Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի մանկապարտեզում, ըստ վարչական ղեկավարի, մնացել են կոմունիկացիոն հարցերը՝ գազ, լույս, ջուր։ Վերանորոգումը սկսվել է 2023 թվականի սկզբին։

14․ Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզը ևս չի գործում, թեև աշխատանքները պետք է ավարտվեին 2024թ․-ի վերջին։

15․ Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզը ևս չի գործում։

16․ Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզի առաջին խումբն է միայն գործում։ Վարչական ղեկավարի խոսքով՝ երկրորդ խումբը կգործի հունվարից։

17․ Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզում, ըստ վարչական ղեկավարի, գույքի ձեռքբերման փուլն է։ Աշխատանքները սկսվել են 2023թ․-ին։

18․ Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզի վերանորոգումը վարչական ղեկավարի խոսքով՝ սկսվել է 2022թ․-ի ձմռանը, նախատեսվում է բացել հունվարից հետո։

19․ Վարդաբլուր գյուղի մանկապարտեզը, վարչական ղեկավարի խոսքով, նոր կառուցվող մանկապարտեզ է, 1,5 տարի է՝ աշխատանքներն ընթանում են, տարվա սկզբին կբացվի։

20․ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի մանկապարտեզը դեռ չի գործում։ Ըստ վարչական ղեկավարի՝ վերանորոգման աշխատանքները 6 ամիս է, ինչ ընթանում են։

21․ Սվերդլով գյուղի մանկապարտեզը մեկ տարի է՝ վերանորոգվում է, և դեռևս ընթացքի մեջ են աշխատանքները։

22․ Ագարակ գյուղի նոր կառուցվող մանկապարտեզը դեռևս չի գործում։

23․ Բալահովիտ գյուղի մանկապարտեզը ևս չի գործում։ Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին գույքի տեղադրման աշխատանքներն են ընթանում։ Վերանորոգումը սկսվել է 2022 թվականի գարնանը։

24․ Նաիրի համայնքի Արագյուղ գյուղի մանկապարտեզը ևս չգործողների շարքում է։ Աշխատանքները սկսվել են 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։

25․ Պռոշյանի թիվ 1 մսուր մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է 2022 թվականի մարտին, սակայն դեռ չի ավարտվել։

26․ Զովունի բնակավայրի մանկապարտեզը, վարչական ղեկավարի խոսքով, գործում է, բայց ոչ ամբողջությամբ։ Շինարարական աշխատանքներ են իրականացվում մանկապարտեզին կից դահլիճում, որը, ըստ վարչական ղեկավարի, շուտով վերջնական պատրաստ կլինի։

27․ Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզում, վարչական ղեկավարի տեղեկացմամբ, գույքի տեղադրման փուլն է։ Վերանորոգումը սկսվել է 2022թվականից, փետրվարին կշահագործվի։

28․ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկի թիվ 1 մանկապարտեզում սպասում են գույքին։ Տնօրենի խոսքով՝ վարձակալած շենքում են ընդունում երեխաներին, մինչև մանկապարտեզի վերաբացումը։ Աշխատանքները սկսվել են 2023 մարտի 1-ից, նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

29․ Լեռնակերտ գյուղի մանկապարտեզում ևս գույքին են սպասում։

30․ Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի մսուր-մանկապարտեզը դեռ չի գործում։ Գյուղում կառուցվում է նոր մանկապարտեզ։

31․ Ախուրիկ գյուղի մսուր-մանկապարտեզը կվերաբացվի հունվար-փետրվար ամիսներին։ Ըստ վարչական ղեկավարի՝ գույքի ձեռքբերման փուլում են։ Աշխատանքները սկսվել են 2022 թվականից։

32․ Շիրակ գյուղում ևս նոր մանկապարտեզ է կառուցվում։ Ինչպես հայտնեց վարչական ղեկավարը, այն կբացվի 2025 թվականի սկզբին, հասել են գույքի ձեռքբերման փուլին։

33․ Հացիկ գյուղի մանկապարտեզում վերանորոգումն ավարտված է, սակայն դեռ չի գործում գույքի պատճառով։

34․ Լեռնուտ գյուղի մանկապարտեզը, չնայած վերանորոգումը սկսվել է 2019 թվականից, ևս դեռ չի գործում։

35․ Հոռոմ գյուղի մանկապարտեզը նոր կառուցվող է, սակայն դեռևս չի գործում։ Աշխատանքները սկսվել են 2019-2020-ից։ Այս պահին գույքի ձեռքբերման փուլն է։

36․ Նոր Կյանք գյուղում նոր մանկապարտեզ է կառուցվում։ Աշխատանքներն անավարտ են։

37․ Խաշթառակ գյուղի մանկապարտեզում գույքի տեղավորման աշխատանքներ են իրականացվում։ Մանկապարտեզը դեռ չի գործում։

38․ Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզը ևս չգործողների ցուցակում է։

39․ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2, թիվ 11 և թիվ 5 մսուր-մանկապարտեզները ևս չեն գործում։ Դեռևս անավարտ են վերանորոգման աշխատանքները։

40․ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը չի գործում։ Ավելին, աշխատանքներն այս պահին դադարեցված են։ Տնօրենի խոսքով՝ շինարարին անվստահություն է հայտնվել։ Աշխատանքերը սկսել են 2023 թվականի մարտի 14-ից։

41․ Մեծամորի թիվ 3 մսուր մանկապարտեզը նույնպես չի գործում։ Վերանորոգումը սկսվել է 2023 թվականի փետրվարի 1-ից։

42․ Վաղարշապատ համայնքի թիվ 4 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մսուր-մանկապարտեզները ևս չեն գործում։ Ավելին՝ թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի աշխատանքների ավարտման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։

43․ Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզը ևս չի գործում։ Աշխատանքները սկսվել են 2023 թվականի օգոստոսի 14-ին, այս տարվա նոյեմբերին մանկապարտեզը պետք է բացվեր, սակայն չեն հասցրել ավարտել։

44․ Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզը նույնպես չի գործում։

45․ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 6, թիվ 8 և թիվ 11 մանկապարտեզները ևս չեն գործում։ Աշխատանքները սկսվել են 2022 թվականին։

46․ Գյումրի համայնքի «Զանգակ» մսուր-մանկապարտեզը պետք է շահագործման հանձնեին 2022 թվականին, սակայն այն դեռ չի գործում։ Տնօրենի խոսքով՝գույքի ձեռքբերման փուլում են։ Աշխատանքները սկսվել են 2021 թվականին։

47․ Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզը ևս գույքի ձեռքբերման փուլում է։ Մանկապարտեզը դեռ չի գործում։

48․ Սյունիքի մարզի Ագարակի Ալվանք գյուղի մանկապարտեզը ևս դեռ չի գործում։

49․ Կապանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները նույնպես չեն գործում։

50․ Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզը ևս չգործողների ցանկում է։

51․ Արևիկ գյուղի մոդուլային տիպի 144 տեղով մսուր-մանկապարտեզում մսուրն այս պահին չի գործում։

52․ Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզը չի գործում։

53․ Շնող գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղն ու Մեծամոր գյուղի մանկապարտեզները չեն գործում։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված