Մսավաճառների դեմ կրկին ագրեսիա է սանձազերծվել։ Դեկտեմբերի 13-ին վաղ առավոտից ՍԱՏՄ աշխատակիցները, ոստիկանները և կարմիր բերետավորները խառը կռիվ էին անում Գումի շուկայի մսավաճառերի հետ։ Արդյունքում 7 հոգի բերման է ենթարկվել, առգրավվել է 1 տոննա տավարի միս, իսկ մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել։ Ինչի՞ մասին է վկայում գյուղացիների ու մսավաճառների հանդեպ այս անմարդկային բռնությունը։
Անցյալ տարի ևս մսի շուկայում այս լարվածությունը սկսվեց Ամանորից մի քանի շաբաթ առաջ ու շարունակվեց մինչև տոների ավարտը։ Տարվա մնցած օրերին այսպիսի բան չկար։ Սա վկայում է իշխանությունների միտումնավոր անհետևողականության մասին։
Քաղաքացիների մեծ մասը նախընտրում է միս գնել գյուղացուց, մսի կրպակներից, քանի որ այնտեղ միսը թարմ է ու որակյալ։ Դրանից զատ՝ կարելի է սակարկել։ Դրա համար մսի կրպակներում շարունակվում են վաճառվել թարմ, որակյալ, համեղ միս։
Մսավաճառների նկատմամբ կատարված այս բռնությունը վկայում է, թե ինչքան շատ է ատում Նիկոլ Փաշինյանը մսավաճառներին, որոնք գյուղացիներին, անասնապահներին ձեռք են մեկնում ու գնում նրանց աշխատանքի արդյունքը։ Ցույց տրվեց, որ իշխանությունները մարդասիրական խիզախություն չունեն, փոքրոգի են, չեն աշխատում յուրաքանչյուր մսավաճառի հետ, որ նրանք չխախտեն սահմանված կարգը, քանի որ վախենում են շփվել ժողովրդի հետ։ Այս վերաբերմունքը լրջորեն խորացնում է ժողովրդի ու Նիկոլ Փաշինյանի միջև անվստահության անդունդը։ Հետևաբար՝ կա մեծ շահ, որը ստիպում է անմարդկայնորեն վնասել մարդկանց։
Ասում են, թե ՔՊ-ամերձ մի քանի գործարարներ Ամանորից առաջ փորձում են մեծ եկամուտներ ստանալ մսի վաճառքից։ Ենթադրելի է, որ գործարկվում է հետևյալ շղթան։ Նախ՝ ստիպում են միսը մորթել միայն սպանդանոցում։ Այնուհետև կենտրոնացնում են մսի վաճառքն ու մեծ շահույթներ ստանում։ Դրանից զատ արտերկրից մեծ քանակությամբ անորակ միս են ներկրում, որ Ամանորին վաճառեն։ Դրա համար խաղից հանում են որակյալ ապրանք առաջարկող տեղական արտադրողներին ու իրացնողներին։
Իշխանություններն այս անմարդկային ինքնիրավչությունն արդարացնում են սահմանված կարգով, թե վաճառվող միսը պետք է անպայման մորթված լինի սպանդանոցում։ Իսկ գյուղացիները դժգոհում են, որ սպանդանոնցերը հեռու են բնակավայրերից, քիչ են, մի մասը չեն աշխատում, թանկ են վերցնում մորթելու համար։ Այս ամենն անդրադառնում է մսի ինքարժեքի ու գնի վրա։ Արդյունքում տուժում են բոլորը, բացի ՔՊ-ամերձ գործարարներից ու սպանդանոցի տերերից։
Ի՞նչ կարող են անել մսավաճառները, գյուղացիներն ու որակյալ, թարմ միս նախընտրող քաղաքացիներն այս պարագայում։
Եթե զարգացած հասարակությունում այսպիսի բան լիներ, ապա արհմիությունները բողոքի զանգվածային ցույցեր կկազմակերպեին, ներգրավելով բոլոր շահառուներին, գոնե կհասնեին այն բանին, որ իշխանությունները փոխհատուցում կտրամադրեին գյուղացիներին ու մսավաճառներին, իսկ բռնություն կիրառողները կպատժվեին անհամաչափ ուժ կիրառելու համար։
Մեր երկրում չկան արհմիություններ, սպառողների շահերի պաշտպան ՀԿ-ները թույլ են, ժողովրդականություն չունեն։ Սակայն նրանք կարող են առաջարկել այնպիսի կարգավորումներ, որոնք և՛ կապահովեն մսի մաքրությունն ու անվտանգությունը, և՛ չեն սահմանափակի գյուղացիների իրավունքները, և՛ մսավաճառները մի բան աշխատեն, և՛ քաղաքացիները որակյալ, թարմ միս ուտեն։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ մսի մաքրությունն ու անվտանգությունը հաստատում էին շուկաներում, գյուղերում աշխատող անասնաբույժներն ու համապատասխան մասնագետները։ Ներկայում ևս կարող են այդպիսի մասնագետների ներգրավել ու լուծել այս խնդիրները։ Իսկ եթե ՔՊ-ական իշխանությունները չգնան այդ զիջումների և պնդեն, որ անպայման սպանդանոցներում իրականացվի անասունների մորթն, ապա պետք է հետևողական լինեն այդ հարցում ամբողջ տարին, ոչ թե միայն Ամանորի նախաշեմին, բացեն շատ սպանդանոցներ, օգնեն գյուղացուն անասունը սպանդանոց հասցնելու հարցում և այլն։ Իսկ անասնապահների շահերի պաշտպանները պետք է հետևողական պայքարեն, որ այդ ամենի արդյունքում միս արտադրողը չտուժի։
Պարզ ասած՝ դեկտեմբերի 13-ին Գումի շուկայում տավարի մսի համար խառը կռիվը, բռնությունները և մսավաճառներին ու գյուղացիներին ահռելի չափով պատճառված վնասները ցույց տվեցին, որ ՔՊ-ական իշխանությունները շարունակում են գործել ժողովրդի դեմ, մադկային դեմք չունեն։ Իսկ սպառողների և աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանությունն այնքան ցածր մակարդակի վրա է, որ յուրաքանչյուր մարդ սեփական ուժերով է փորձում իր իրավունքները պաշտպանել ու պարտվում իրավապահ մեքենայի հետ բախվելով։
Թաթուլ Մկրտչյան