Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցումը շատ կոնկրետ բան է նշանակում։ Այս մասին կառավարության նիստին 2023 թ․-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թե չէ, կներեք, կարող են տանել բակում տաղավար դնել, ասել` մենք մասնագիտական ուսուցում ենք տալիս, 50,000-ները բերեք։ Բովանդակությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե ելնենք Ձեր ասածից, ունենք երաշխավորված ծրագրեր մինչև 6 ամիս ժամկետով, բա որոշման մեջ ինչո՞ւ է գրված մինչև 5 ամիս։ Մինչև 5 ամիսը նշանակում է 10 օրից կամ 1 ժամից սկսած մինչև 5 ամիս»,- ասաց Փաշինյանը։
Արձագանքելով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ կան կրթական հաստատություններ, որոնք պարտադիր չէ, որ 6 ամիս լինեն։
«Պարո՛ն վարչապետ, մի ճշտում անեմ․ մինչև 6 ամիս, որը չի ներառում 6 ամիսը։ 6 ամսից սկսած կարող է արդեն որակավորում տալ, ծրագիրը կարող է լինել 5 ամիս 20 օր, օրինակ»,- հավելեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հա՛, շատ լավ հասկանում եմ, ինչո՞ւ եք կռիվ անում։ Ասում եմ, եթե մեր ծրագրերը մինչև 6 ամիս են, ինչո՞ւ ենք գրել մինչև 5 ամիս։ Կամ տվեք բացատրություն, որ ես դադարեցնեմ այս քննարկումը, կամ ասեք շատ լավ, կդարձնենք 6 ամիս, հիմա ևս 3 ժամ կքննարկենք, շատ պարզ հարց եմ տալիս»,- դիմելով ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ ասաց վարչապետը։
Քննարկումից հետո Նարեկ Մկրտչյանը վարչապետին ասաց, որ կդարձնեն 6 ամիս։