Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում» խորագիրը կրող հերթական զեկույցը, որում առկա են Հայաստանին ուղղված մի շարք քննադատություններ։
Զեկույցում արձանագրվել է, որ պաշտոնյաների հայտարարագրման գործընթացում բազմաթիվ բացեր կան, նրանք լիարժեք ինֆորմացիա չեն տրամադրում, հայտարարագրերը թերի են լրացվում, դրանց ստուգման գործընթացը ևս մակերեսային է։ Բացի այդ, նշվել է, որ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, որը կկանխի կոռուպցիայի ծաղկումը։
Սրան զուգահեռ՝ օրերս Հայաստանի Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը պնդել էր, որ մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա։ Օրերս էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Գալյանին ճանաչել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ ԳՐԵԿՈ-ի դիտողությունները շատ տեղին են, սակայն դեռևս մեղմ։ Նա կարծում է, որ առաջիկայում կոռուպցիայի հարցում քննադատություններն ավելի կոշտ կլինեն, այդ թվում միջազգային կազամակերպությունների կողմից։
Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը փորձում է Նիկոլ Փաշինյանի սիրտը շահել։
«Հայաստանում կոռուպցիա կա, և դա նույնիսկ տեսանելի է արդեն։ Կարծում եմ՝ խոսակցությունները գնալով շատանում են, և առաջիկայում նորանոր բացահայտումներ կլինեն։ Արդեն իսկ կան այդպիսի բազմաթիվ դեպքեր, իսկ իշխանությունների պահվածքը վկայում է այն մասին, որ նրանք չեն էլ մտածում կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, այս տարիների ընթացքում չեն էլ մտածել։ Նույնիսկ պայքարի իմիտացիա էլ չկա, ես վերջին շրջանում չեմ էլ տեսնում, որի իրենք ինչ-որ պայքարելու ջանքեր են գործադրում։ Մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտները մնացել են այն վիճակում, որում դրանք գտնվում էին այն ժամանակ։ Կոռուպցիայի դեմ պայքար չկա ու չի էլ եղել, առաջին տարիներին գոնե խոսում էին այդ մասին, հիմա չեն էլ խոսում»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ Սրբուհի Գալյանը փորձո՞ւմ է այս կերպ հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին՝ Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքը հաճոյանալ բառը չէր ցանկանա օգտագործել, սակայն ամեն դեպքում այդ հայտարարությունը նման է դրան․ «Բայց ամեն դեպքում իշխանության համահունչ պահվածք է»։
Իրավապաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը Գալյանին ճանաչել կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ․ «Ինձ համար անհասկանալի է դա, որովհետև այդ առաջամարտիկությունը հանրությունը ևս պետք է զգար, ես չգիտեմ, չեմ նկատել»։
Oragir.News-ի հարցին՝ հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ միջազգային կառույցներն առաջիկայում ավելի կոշտ գնահատականներ կտան՝ Ժաննա Ալեքսանյանը հետևյալ կերպ պատասխանեց․
«Մենք տեսնում ենք, որ ուղղակի անիշխանություն է Հայաստանում։ Իրականում կա այդ իշխանությունը, բայց նա ոչինչ չի անում։ Եթե այդ բարեփոխումները չկան, մենք տեսնում ենք, թե ինչ վիճակ է տարբեր ոլորտներում՝ բանակում, ոստիկանությունում և այլն։ Մենք տեսնում ենք ամենաթողություն՝ իմ կարծիքով։ Ուստի կարծում եմ, որ այս տարի միջազգային կառույցների զեկույցներն ավելի խիստ կլինեն, թեև գիտեք՝ մարդու իրավունքներում ու այլ ոլորտներում արդեն Հայաստանը խիստ քննադատության է ենթարկվել, բայց հիմա դրանք ավելի սուր կլինեն։ Սա մի իշխանություն է, որն ինչ ուզում անում է՝ առանց ինչ-որ զսպող մեխանիզմների ու չափանիշների»։
Ալեքսանյանը համաձայնեց այն դիտարկմանը, որ իշխանություններն այս զեկույցները հաշվի չեն առնում։ «Հիշում եք՝ Freedom house-ի զեկույցի մասին իշխանական պատգամավորներն ասում էին՝ թող մեզ ժողովրդավարություն չսովորեցնեն։ Նման ոչ պրոֆեսիոնալ, այլև տգետ պահվածքի պատճառով դժգոհությունն առաջիկայում ավելի է մեծանալու»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան